‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Պատասխանատու են երկուսն էլ, բայց ո՛վ որ չափով, տրամաբանեք ինքներդ’

1548

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

Մարտի մեկի մասին չեմ ուզում գրել որեւէ հուզական բան, որպեսզի ասելիքս չլղոզեմ: Ուզում եմ միայն կրկնեմ այն, ինչ վերջին տարիներին շատ եմ ասել ու էլի ասելու եմ: Այս տարիներին հավաքված եւ հրապարակված բոլոր փաստարկները մի կողմ: Պարզապես մի քանի առանցքային կետ: 

1. Մարտի մեկի առավոտյան ոստիկանությունն իբր զենք հայտնագործեց Հրապարակում: Այդ հայտնաբերության առնչությամբ ցայսօր ոչ ոք չի դատապարտվել: Չնայած մարտի մեկից հետո ձեռբակալվել են 100-ից ավելի մարդ, որոնց մեծ մասը դատապարտվել է ոստիկանին հրելու տիպի, մի մասն էլ իշխանության յուրացան փորձի մեղադրանքներով (հաճախ միևնույն ոստիկանին հրում էին մի քանի անգամ, մի քանի տեղերում):

2. Մարտի մեկի երեկոյան դեպքերի կապակցությամբ ցուցարարներին մեղադրեցին խանութներ թալանելու, մեքենաներ վառելու մեջ: Ցայսօր որեւէ ցուցարար չի դատապարտվել խանութներ թալանելու եւ մեքենա այրելու համար: Ու էլի, չնայած մարտի մեկից հետո ձեռբակալվել են 100-ից ավելի մարդ, որոնց մեծ մասը դատապարտվել է ոստիկանին հրելու տիպի, մի մասն էլ իշխանության յուրացան փորձի մեղադրանքներով: Մի ճշտմամբ: Թալանի մեղադրանքով մի քանի հոգի ձեռբակալվեցին, կարծեմ դատապարտվեցին …..բայց շատ արագ ազատվեցին, որովհետեւ պարզվեց արտաշատցի էին, հայտնի շրջանակից մարդիկ: 

3. Այն ժամանակվա գործող նախագահի մակարդակով ասվեց, որ կադրեր կան, որոնց վրա երեւում է, թե ինչպես են ավտոբուսների հետեւից կրակում ոստիկանների ուղղությամբ: Մեզ խոսք տվեցին այդ կադրերը հրապարակել: Դա տեղի չունեցավ: Ի դեպ, իմ տեղեկություններով այդ կադրերն իրոք կան: Բայց ինչո՞ւ չեն հրապարակում, իրենք գիտեն: 

4. Եթե ուշադիր եք եղել, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ իսկ Ռոբերտ Քոչարյանն իրենց հետիրավիճակային անդրադարձերում մարտի մեկի թեմայով երբեք չեն պնդել պաշտոնական վարկածը դեպքերի: Առհասարակ այդ վարկածը ոչ ոք վաղուց չի պնդում, բացի այն օրերին իշխանության քարոզչության կամա թե ակամա զոհ դարձած մասնավոր անձանց, որոնք հետագայում չուզեցան կամ չկարողացան հետեւել մարտի մեկի գործի շուրջ հետագա իրավական եւ քաղաքական զարգացումներին: 

5. Բավականին հստակ եւ ցինիկ միտում կա որոշ շրջանակներում մարտի մեկի գործը ակնարկներով բարդել միայն նախկին նախագահ՝ Քոչարյանի վրա, մեղքը հանելով բարի Սերժիկից: Կարծես կան եւ հակառակ միտման ակնարկները: Ամեն դեպքում, այս հարցում էլ բարի ու չար ձաձայի միֆերը չպիտի ոչ մեկին խաբեն: Պատասխանատու են երկուսն էլ, բայց ո՛վ որ չափով, տրամաբանեք ինքներդ՝ բարուց ու չարից անդին այսպես ասած: 

6. Բանավիճել այս թեմայով չեմ ցանկանում: Պարզ է, որ ով այս տարիներին չի ուզեցել տեսնել իրականությունը, նույնիսկ այս հստակ ու պարզ փաստերը պիտի փորձի շրջանցել, քանի որ այլ տարբերակ չունի: Իսկ դեռ որքա՛ն այդպիսի փաստեր կան: Աստված ողորմի զոհվածների ոգիները:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը կասի, թե ինչու չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘2008 թվականի մարտի 1-ից հինգ տարի է անցել (ֆոտոշարք)’