‘«Հրապարակ». Իշխանությունում գտնվողները իրենց աթոռները պահպանելիս զարմանալի խելք, խորամանկություն ու կազմակերպական որակներ են բանեցնում’

1078

«Հրապարակը» իր խմբագրականում գրում է. «Իշխանությունում գտնվողների խելքը մեզանում, փաստորեն, երբեք չի հերիքել երկիրն այս թշվառ վիճակից դուրս բերելու գործում, բայց նրանք միշտ շատ ճկուն են եղել և իրենց աթոռները պահպանելիս զարմանալի խելք, խորամանկություն ու կազմակերպական որակներ են բանեցրել: Ասենք` օրենսդրական սողանցքներ ստեղծելու, եվրոպական կառույցներին հիմարեցնելու հարցում մեր իշխանությունները կարող են համաշխարհային ռեկորդներ խփել: 
Երբ ձևավորվեց այս խորհրդարանը, որտեղ մի քիչ ավելին էր ընդդիմության քանակն ու որակը, քան նախորդում, թվաց, թե իշխանության համար շատ դժվար է լինելու գոնե հրապարակային մարտերում նրանց հաղթելը: Մտածում էինք՝ ինչպե՞ս պետք է փակեն Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանի, Ալիկ Արզումանյանի, Արծվիկ Մինասյանի, Վարդան Օսկանյանի և մյուսների բերանը: Սակայն արդեն նկատելի են այն մեթոդներն ու խորամանկությունները, որոնք գործի է դնում իշխող մեծամասնությունը խորհրդարանում, որ ընդդիմությանը լռեցնի: Երեկ, օրինակ, Ազգային ժողովում կառավարության հետ հերթական հարցուպատասխանի համար հատկացված մեկուկես ժամվա ուղիղ մեկ ժամը խորհրդարանը ստիպված է եղել լսել ՀՀԿ-ականների և կառավարության հարցուպատասխանը: Բանն այն է, որ արտասովոր մեծ թվով ՀՀԿ-ականներ էին գրավոր հարցերով դիմել կառավարությանը, իսկ Աժ կանոնակարգ-օրենքի համաձայն, առաջնահերթության կարգով լսվում են հենց գրավոր հարցերն ու դրանց պատասխանները: Կարիք չկա ներկայացնելու, թե ինչ հարցեր էին իշխանությունները հղել իշխանություններին: Արդյունքում` ընդամենը մոտ 30 րոպե է մնացել բանավոր հարցերին, որոնք հնչեցվել են նաև ընդդիմության կողմից: Եթե այս մեթոդը կատարելագործվի, ապա ընդդիմությունն էականորեն կզրկվի նաև հարցերը հրապարակայնացնելու հնարավորությունից»:

Նախորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական բժիշկը՝ բժշկական համալսարանի ռեկտորի միակ թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Մերժված ՕԵԿ-ը երբեք չի նեղանում’