‘Հրեշի լեգիտիմությունը’

5605

Երկու օր առաջ կնոջս հետ խոսում էի մի մոր մասին, որը լքել էր իր չորս երեխաներին: Սոցցանցերում նրա հանդեպ վերաբերմունքը հակասական էր՝ մի մասն ասում էր, որ էդ կինն էս աշխարհում տեղ չունի, մյուս մասն ասում էր, որ «մենք չենք նրա դատավորը»: Ես երկրորդ մտքի կողմնակիցն եմ: Բայց, ախր, իմ գրեթե յուրաքանչյուր հոդվածում ես դատում եմ Սերժ Սարգսյանին եւ նրա բանդային: Ինչպե՞ս հասկանալ այս երկերեսանիությունը, համարենք՝ Աստծո հանդեպ: Ցավում եմ, բայց պատասխանն այնքան պարզ է, որ հարցի ամբողջ «հաղթականությունը» ջրվում է:

Բանն այն է, որ այդ կինը մեզանից մեկն է: Եթե ինքը Աստված չունի, մեր Աստծուց չունի: Եթե թքած ունի «երեխա» ասվածի ամբողջ բովանդակության վրա, մեր գյորա թքած ունի, որովհետեւ վաղվա օրվա հանդեպ տագնապների գծով մենք «մի հորից ու մի մորից» ենք: Թե ինչու մենք մեր երեխաներին չենք լքում՝ մեզ ավելի լավը չի դարձնում, որովհետեւ մենք այլ «լքումների» վարպետն ենք: Եվ այդ լքումներից յուրաքանչյուրի մեջ այդ կինը մեզանից վատ «քննություն» չէր բռնի: Մենք էլ, ինքն էլ, ի վերջո, հույս ունենք, որ մեզ կներվեն «մեր պարտքերը»: Մեր հանցանքներում, սխալներում եւ անմեղսունակությամբ մենք մեր գլխից վերեւ չենք թռնում: Եթե պետք է, որ մեզ ներեն, մենք վազում ենք մեր հարեւան փականագործի մոտ, որպեսզի հիշեցնենք, որ սխալվել ենք նրան ջրի փականը սարքելիս «գլխառադության» մեջ մեղադրելով: Եվ էդ մի ներումն ստանալուց հետո այնպես չէ, որ երկինքը բացվել է, ու մանանաներ են թափվել կյանքն ավելի անհոգ ունենալու համար: Չէ, էլի վաղվա անբախտությունն ու իսկապես գլխառադ անող մեկ այլ փականագործի հետ գործ ունենալու հեռանկարն աչքներիս առաջ է: Մենք չգիտենք՝ ինչպես դրա դեմն առնենք: Սրանք են մեր խնդիրները՝ վատ ուսուցիչը, անփույթ հարեւանը, տմարդի էլեկտրիկը, խաբեբա վաճառողը, հանրային տրանսպորտում հայհոյողը, գազի վարձը բկիդ դրած «գազավիկը», որը, բացառված չէ, որ ինքն է կրակել այդ աստղաբաշխական վարձը: Կա նաեւ անաշխատանք, հետեւաբար՝ անփող մնալու տագնապը, կնոջդ՝ սոցիալական հարցերում մի ուրիշ ձեւի անսխալական փիլիսոփա լինելու համոզմունքն էլ կա, որի ամբողջ ճշմարտությունն այն է, որ՝ թքած պետության 5 պակաս կործանման վրա, մենք տուն պիտի առնենք, «պետք լինի՝ վարկ էլ կվերցնենք»:

Երբ մենք դատապարտում ենք իր երեխաներին լքած կնոջը, ոնց որ ձեռքներս որպես արգելապատնեշ դնենք Աստծո կրծքին ու ասենք՝ հլը մի կողմ քաշվիր, դու նրա հետ գործ չունես, ինքը կորած է քեզ համար: Էդ կինն, ըստ մեզ, պետք է մոռանա թողության մասին: Ցանկացած դատապարտման հիմքում դա է՝ մոռացիր, որ ներում ունես: Որովհետեւ մեր «արդարամտության» ագրեսիան ուղիղ համեմատական է մեր այն սխալներին, որոնք տեսնելու աչքեր չունի այդ կինը: Մեր «արդարամտության» ագրեսիան իր «գոյության» իրավունքը վաստակել է նույն սխալից նույն պահին զերծ լինելու մեր վարքով: Մեզ ոչ ոք չի համոզի, որ հաջորդ պահին գուցե մենք էդ կնոջից ավելի սարսափելի մի մեղք գործենք: Ուստի ազատ ենք դատապարտելիս, ուստի ազատ ենք մտածելիս, որ մի գլուխ բարձր ենք այդ կնոջից, ուստի կյանքի էդ սխալը չանելու դրվագում մենք էդ կնոջ «ահարկու» Աստվածն ենք՝ կուզենք կդատապարտենք, կուզենք կխրախուսենք: Մենք էդ կնոջ Սերժ Սարգսյանն ենք: Կյանքի նրա պայմաններից ոչ մեկը մերը չէ, բայց էդ սխալները մեր տեսադաշտում են, մենք հատկապես էդ սխալների մթնոլորտում ենք անսխալական՝ թող հլա էդ կինը փորձի մեզ չափել իր արշինով: Այդ կինը մեր հնարավորությունն է մեզ իրենից ավելին զգալու: Եթե անգամ չենք դատում՝ ապա նրանից առավելի դիրքերից:

Իսկ այս ամենի հետ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը: Ինքը մեզանից մեկը չէ: Ինքը թքած ունի, թե մենք ինչ ենք մտածում իր սխալների մասին: Ինքն, ի տարբերություն այդ կնոջ, կարող է մտածել, թե մենք ի՞նչ ենք հասկանում այն մեղադրանքներից, որոնք հնչեցնում ենք՝ ձեզ հլա դրեք իմ տեղը եւ այլն: Ինքը ազատված է մեր խնդիրներից: Ավելին, ոչ միայն ազատված է, ինքը մեր ողորմածության ամենակոնկրետ մարմնացումն է՝ ի տարբերություն այդ կնոջ, որի սոցիալական բարեկեցության համար մենք մատը մատին չենք խփել: Սերժ Սարգսյանը մեր հաշվին ունի ինքնաթիռ, աշխատավարձ, անպատժելիության ուղղակի «աստվածային» կամ որ նույնն է՝ հրեշային կարգավիճակ: Մենք հրեշի լեգիտիմությունն ենք, որովհետեւ մենք կանք նրա համար, եւ ոչ թե ինքը՝ մեր։ Ինքը, սակայն, կծաղրի մեր ցանկացած դատապարտում, որովհետեւ, ըստ իրեն, ինքը նաեւ մեր փոխարեն է մտածում, մենք՝ մտքի գծով համրներս, ինչպե՞ս կարող ենք ճիշտ լինել դատապարտելիս, առավելեւս՝ ինչպե՞ս կարող ենք դատապարտել: Դա նույնն է, որ Աստծո արարածը՝ մարդը, մտածի Աստված արարելու մասին: Եվ ոչ միայն մտածի, այլեւ փորձի արարել: Բայց Սերժ Սարգսյանը մեր՝ շարքային քաղաքացու նկատած սխալները չի ընդունի, իսկ, դիցուք, Պուտինի հանդեպ սխալը կընդունի, գուցե ոտքերն էլ ընկնի: Հասկացա՞ք, թե ինչ կապ ունի Սերժ Սարգսյանը, նա էլ է սխալական, բայց ոչ մեր հանդեպ, այլ, ասենք, Պուտինի կամ Օբամայի: Նա նրանց ներողամտությունը կարող է հուսալ: Ըստ էության՝ իշխանությունը պահելու նրա անմարդկային ջանքերը հենց այդ «ներողամտությունն» են ձեւակերպում, որպեսզի իրեն էլի հանդուրժեն: Ջհանդամը, թե Հայաստանի Հանրապետությունից բան չի մնացել:

Բոլորն էլ մինչեւ կյանքի վերջն ունեն թողության հնարավորություն: Նաիրի Հունանյանն էլ ունի: Ահա ինչու է դատապարտման «ինստիտուտն» իր բնույթով հանցավոր: Թողությունն առանց Աստծո իմաստ չունի: Բայց բացառենք Աստծուն թողությունից, որպեսզի իրականացնենք մերը: Աստված մեր թողության ընթացքում է կերպավորվում: Ինքը դրա վրա է կանգնում: Եթե մենք չներեցինք, եթե մենք ըմբռնումով չմոտեցանք սխալին, Աստված կդառնա թոշակի բան: Սերժ Սարգսյանի համար Աստված իմաստ ունի, եթե ներողը Պուտինն է: Մենք թողության էդ հասցեատերը չունենք: Ցանկացած շարքային մարդասպան կարող է ապավինել ամբողջ մարդկության ներողամտությանը: Եվրոպացի շարքային չինովնիկը բոլոր եվրոպացիներին նկատի ունի իր սխալը «մարդկային», հետեւաբար՝ ներման պիտանի դարձնելու համար: Մեր չինովնիկները միայն մուննաթ կգան: Ինչու՞: Որովհետեւ մերոնց Աստվածը ձգում է մինչեւ առաջին պատահած տերտերը: Գագիկ Ծառուկյանի եկեղեցիները՝ մեզ օրինակ: Ասենք, Նավասարդ Կճոյանի հետ «քփությունը» մտերմություն է Աստծո հետ: Եվ այս մարդկանց թողության ընկալումը ընկալողների կոնկրետ շրջանակ ունի, իրենք պիտի դեմքով իմանան ներողներին: Իսկ այ որ քաղաքացիական ինստիտուտները ձեւավորվում են, որպեսզի վերացական թողության փոխարեն լինի խիստ շոշափելի պատասխանատվություն, մեր չինովնիկների համար չէ, Սերժ Սարգսյանի ու նրա բանդայի համար չէ: Ավելի գերադասելի է, որ գետինը մտնեն մի չորոշարկված ապագայում, քան կոնկրետ «էս երկու օրը»:

Ահա ինչու չի կարելի դատել իր չորս երեխային լքած կնոջը, քանի դեռ, հայ մարդ, Սերժ Սարգսյանն իր բանդայի հետ ազատ է քո հանդեպ վարվելու, ինչպես էդ կինն է վարվում իր երեխաների հետ: Մի դատիր, քանի դեռ չգիտես, թե ինչ է ուժը, որովհետեւ հենց իմացար, չես դատի ու թույլ չես տա, որ քո հանդեպ վարվեն այնպես, որ քեզ թուլության տեղ թողնեն մարդկանց հետ հարաբերվելու դատապարտումներով:

 

Մհեր Արշակյան

Նախորդ հոդվածը‘Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայում որոտացած պայթյունի համար’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘