‘ՀՔԾ. Դատախազի հաղորդման համաձայն` ոստիկանության աշխատակիցները պաշտոնեական կեղծիք են կատարել’

1043

ՀՔԾ-ն հայտնում է, որ Արարատի մարզի դատախազի զեկուցագրի համաձայն` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պաշտոնատար անձինք կատարել են պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ ոստիկանության աշխատակիցները 2015 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալների հիման վրա քաղաքացի Հրայր Ա.-ին՝ նրա վարած ավտոմեքենայով հիշյալ բաժին բերման ենթարկելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում, անձնական այլ դրդումներից ելնելով, ավտոմեքենայի, ինչպես նաև Հրայր Ա.-ին և վերջինիս ընկերոջ մասնակցությամբ կատարված դեպքերի վայրերի զննության վերաբերյալ կազմված պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող արձանագրություններում մտցրել են կեղծ տեղեկություններ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական.Միխայլովիչը դարձավ «Միլանի» գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Հարությունյանը երաշխավորվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում’