‘Արմեն Հարությունյանը երաշխավորվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում’

1016

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել է Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի հաղորդագրության համաձայն, քվեարկության արդյունքում Հարությունյանը Լիանա Հակոբյանի նկատմամբ փոքր առավելության է հասել:

Հայաստանի կողմից, հիշեցնենք, ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրվել են Արմեն Խաչատրյանը, Արայիկ Ղազարյանը և Լիանա Հակոբյանը:

Եվրադատարանում Հայաստանի դատավորը վերջնականապես ընտրվելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի թեկնածուի ընտրության առաջին մրցույթի արդյունքներով ավելի վաղ հաղթող էին ճանաչվել Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը եւ Վիգեն Քոչարյանը: Գենդերային ներկայացվածության սկզբունքի պահպանման նպատակով Վիգեն Քոչարյանին փոխարինել էր Նելիկ Հարությունյանը: ԵԽ իրավասու մարմինը փաստացի չէր ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները, ինչի պատճառով նոր մրցույթ էր հայտարարվել, որի արդյունքում էլ ընտրվել էին Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյանը։

Տեղեկացնենք նաեւ, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բարձրաձայնել էին երկու մրցույթներում գրանցված խախտումների մասին:

Թեկնածուներից Արմեն Հարությունյանը, ում անունը առաջին մրցույթի ընթացքում առնչվել էր մի շարք կոպիտ խախտումների հետ, կրկին առաջադրել էր իր թեկնածությունը: Խոսքը,  մասնավորապես, փաստաթղթերի ստուգման փուլում տեղ գտած խախտումների մասին է, մասնավորապես` երեք հավակնորդների` նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի կողմից փաստաթղթերը վերջնաժամկետից հետո ներկայացնելու փաստերին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացիչները, նախորդ մրցույթի ընթացքում, որը չեղյալ էր հայտարարվել, արվեց ամեն հնարավորը, որպեսզի Արմեն Հարությունյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այլընտրանք չունենա:

Ինչ վերաբերվում է երկրորդ մրցույթին, դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները արձանագրել էին թափանցիկության սկզբունքի լուրջ խախտումներ: Մասնավորապես՝ ՀԿ-ները եւ լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու հայտ ներկայացրած դիմորդների փաստաթղթերին: Նշենք, որ փաստաթղթերի ստուգման փուլում հանձնաժողովը պետք է գնահատեր, թե արդյո՞ք մասնակիցները համապատասխանում էին չափորոշիչներին, թե՞ ոչ: Ավելին՝ չի թույալտրվել դիտարկել հանձնաժողովի նիստը, որը, ըստ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանի, իրականացվել է միտումնավոր:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի պնդմամբ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության հանձնաժողովի կազմը բաղկացած չի եղել քաղաքականապես չեզոք անդամներից: «Նրանք չեն նշանակվել՝ հիմնվելով իրենց գիտելիքների, փորձի վրա, այլ նրանց նշանակումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ»,- նշել է Մուշեղ Շուշանյանը: 

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ. Դատախազի հաղորդման համաձայն` ոստիկանության աշխատակիցները պաշտոնեական կեղծիք են կատարել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է հարսանիքի. «Հրապարակ»’