‘ՀՖՖ ցմահ որակազրկել է երկու մրցավարների. Նրանք ներգրավված են եղել պայմանավորված խաղի գործընթացում’

1187

Երեկ ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստն անդրադարձել է ս.թ. հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանի (Արտաշատ) կողմնակալ մրցավարության եւ խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու խնդրի հետ կապված հանգամանքներին: Այս մասին գրում է ՀՖՖ կայքը:

ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրել է ինչպես ՀՖՖ փորձագիտական կոմիտեի, այնպես էլ ՀՖՖ նախագահի ներկայացուցիչների կատարած մանրակրկիտ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները:

Գործադիր կոմիտեին ներկայացվեց, որ հիշյալ մրցավարական անձնակազմը ներգրավված է եղել պայմանավորված խաղի գործընթացում, կատարել է անթույլատրելի, պատժելի գործողություններ, որոնք ապացուցված են ինչպես ՈՒԵՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի կողմից արված բազմաթիվ ուսումնասիրություններով:

Պայմանավորված խաղում իրենց ներգրավվածության մասին հանգամանորեն պատմեցին նաեւ մրցավարներ Անդրանիկ Արսենյանը (Երեւան) եւ Հովհաննես Ավագյանը (Արտաշատ), որոնք այդ մասին գրել էին նաեւ բազմաթիվ ապացույցների ճնշման տակ:

Նշվեց նաեւ, որ տվյալ գործընթացին մասնակցել են «Շահումյան» ֆուտզալի թիմի ղեկավար Գրիգոր Հովասափյանը եւ «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստ Էդգար Սաֆարյանը:

ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց հիշյալ մրցավարներին ցմահ որակազրկել ֆուտբոլային գործունեության իրականացումից, կարգապահական վարույթ իրականացնել այս գործընթացում ընդգրկված մյուս անձանց նկատմամբ եւ կիրառել կարգապահական կանոնակարգերով պայմանավորված խաղերի հետ կապված խստագույն միջոցները:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի շահերից չի բխում Հայաստանի հետ սահմանային ընդհարում հրահրելը ‘
Հաջորդ հոդվածը‘Արգելվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» պաղպաղակների արտադրությունը’