‘Ղարաբաղն այլևս վերջնականապես փրկված է. ցնծալի լուր Լոս Անջելեսից’

15340

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության և Ռամկավար-ազատական կուսակցության` Արևմտյան Ամերիկայի ղեկավար մարմինների ս.թ. սեպտեմբերի 16-ի` Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով հրապարակած համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլ մաղթանքների, հռչակված է նաև հետևյալը. «Արցախյան հարցի լուծումը հնարավոր է միայն բանակցային խաղաղ գործընթացներով. դեմ ենք, սակայն, հող` խաղաղության համար հնչեցվող փոխզիջման տարբերակին, և կը հաստատենք, որ Արցախի ազատագրված ոչ մեկ տարածք կրնա զիջումի առարկա ըլլալ» (Aravot.am, Lragir.am – 19.09.2016):

Այսպիսի խրոխտ հայտարարությունից հետո բնական է ակնկալել, որ նշված ղեկավար մարմինների անդամները, իրենց «կուսակցական շարքերի և համակիրների» տասնյակհազարանոց զորաբանակներով շուտով տեղակայվելու են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` այդպիսով Արցախն ու ազատագրված տարածքները անառիկ ամրոցի վերածելով:

Որ սա սին ակնկալիք չէ, ապացուցվում է 1991-1994թթ. Արցախյան պատերազմի փայլուն նախադեպով, որին, Վազգեն Սարգսյանի հրապարակային վկայությամբ, մասնակցել է ոչ ավել, ոչ պակաս 12 սփյուռքահայ (10-ը ԱՍԱԼԱ-ից): Նախադեպը, հետևաբար, հույս է ներշնչում, որ Արևմտյան Ամերիկայից հնչած կոչի ազդեցությամբ վաղն այս թիվը կարող է դառնալ առնվազն 12 հազար: Այլապես այդ կոչը ուրիշների (ղարաբաղցիների ու հայաստանցիների) արյան հաշվին հայրենասիրության բիզնեսով զբաղվելուն կհավասարվի:

Եվ ընդհանրապես, «ոչ մի թիզ հող» ասողների անկեղծությանը հավատալու միայն մեկ պայման գոյություն ունի. այդպես ասողներն անմիջապես զենքը ձեռքին պետք է կանգնեն Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանին: Դա չանելը, մեղմորեն արտահայտված, փարիսեցիություն է, ուրիշ ոչինչ:

Վարդան Հակոբյան

Նախորդ հոդվածը‘Ո՞րն է, բաբո, մեր Մայրենիք ‘
Հաջորդ հոդվածը‘Անշրջանցելի ու անխոցելի մեր անկախությունը’