Ճապոնական Հիրոսիմայում ավարտվել է G7 գագաթնաժողովը

185

Հիրոսիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի երկրորդ օրը նշանավորվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցով։

Զելենսկու այցելությունը Ճապոնիա ամենահեռավոր ճամփորդությունն էր Ուկրաինայում պատերազմի 15 ամիսների ընթացքում։ Տեղեկությունը, թե Զելենսկին Սաուդյան Արաբիայից հետո ժամանելու է Հիրոսիմա, տարածվել էր ուրբաթ օրը, սակայն ուկրաինական կողմն ավանդաբար դա չէր հաստատում։

Գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարագրում, որն ընդունվել է շաբաթ օրը, Պեկինին կոչ է արվում «ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա դադարեցնի ռազմական ագրեսիան և անհապաղ ու առանց որևէ լրացուցիչ նախապայմանի իր զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից»։

Չինաստանը և Ռուսաստանը քննադատել են այդ փաստաթուղթը։

«G7-ը կրկին շարունակում է շահարկել Չինաստանի հետ կապված հարցերը՝ հարձակվելով նրա վրա ու սևացնելով»,- ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ռուսաստանյան կողմը, ի դեմս ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի, հայտարարել է, թե Արևմուտքի երկրները «շարունակում են ընթանալ հակամարտությունը սրելու ճանապարհով», իսկ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարագիրը, նշել է, որ «այնտեղ ընդունված որոշումներն ուղղված են զսպելու Ռուսաստանին և Չինաստանին»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄադրիդի «Ռեալը»՝ Եվրալիգայի հաղթող
Հաջորդ հոդվածըԱրցախ․ Ադրբեջանը հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը