‘Մազերի աճեցումից մինչեւ այրվածքների բուժում. Հայ գյուտարարներն այս տարի 44 գյուտ են գրանցել’

2492

Հայ գիտնականը մազերի ամրացման և աճի խթանման միջոցների գյուտ է արել: Գյուտարարը Ղուկաս Ուլիխանյանն է, գյուտն ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության արտոնագիրը: Ինչպես «Արմենպրես» գործակալության հետ զրույցում նշել է Մտավոր սեփականության գործակալության գյուտի և օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը, հայ գիտնականները այլ հետաքրքիր գյուտեր եւս հեղինակել են` այրվածքների բուժման բաղադրանյութի ստեղծումը, ինչպես նաև աղազրկիչ սարքերի հայտնաբերումը: Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամիսներին առաջադրվել է գյուտի և օգտակար մոդելի 82 հայտ, որը 4-5 տոկոսով պակաս է անցած տարվա ցուցանիշից: «Արտոնագիր է տրվել 56 հայտի, որոնցից 48-ը գյուտի, իսկ 8-ը օգտակար մոդելի համար, ըստ որում` չորս գյուտի եւ մեկ օգտակար մոդելի հեղինակներն արտասահմանից են»,-նշել է Ավետիս Պերյանը: Նրա տեղեկացմամբ` անցյալ տարի ամենաշատ հայտեր ստացվել են մարդու կենսական պահանջների բավարարմանն ուղղված բնագավառում` 51 հայտ, 37 հայտ` քիմիայի և մետաղագործության ոլորտում, 23 հայտ` տարբեր տեխնոլոգիական պրոցեսների ու տրանսպորտի և 20 հայտ` ֆիզիկայի, յոթը` շինարարության եւ լեռնագործության, 24` մեխանիկայի, լուսավորության, ջեռուցման, 13-ն` էլեկտրականության ոլորտներում:

Այն հարցին ի պատասխան` լինում են գյուտեր, որոնք զարմանալի են ու յուրահատուկ, Ավետիս Պերյանը ժպիտով նշեց, որ նա չափազանց քննադատաբար է մոտենում հայտերին ու իրեն զարմացնելը բավականին բարդ է: «Երբեմն լինում են հայտեր, որոնք չեն ընդունվում, փորձագետն ու հայտատուն գալիս են եզրահանգման, որ հայտատուն շատ սեղմ է ներկայացրել իր հայտը, այն հետ է կանչվում, հետագայում ավելի լավ ձևակերպվում ու ներկայացվում բարձր արտոնագիր ստանալու համար»,-նշեց Պերյանը: Միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների գյուտարարները մասնակցում են իրենց ուժերով ու նախաձեռնությամբ: Պետությունը, հանձին Մտավոր սեփականության գործակալության, տրամադրում է տեղեկատվություն գրանցված գյուտերի վերաբերյալ ռուսերեն և անգլերեն: Ավետիս Պերյանը ցավով նշեց, որ շատերի դեպքում գյուտերի գրանցումը ինքնանպատակ է լինում և այդպիսով գյուտը թղթի վրա է մնում:

Նախորդ հոդվածը‘Երկրաշարժ Վան քաղաքում’
Հաջորդ հոդվածը‘Մեսին կարող է ազատազրկվել’