‘Մեսին կարող է ազատազրկվել’

939

Իսպանիայի Քրեական Օրենսգրքի համաձայն, հարկերը չվճարելու համար կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին եւ նրա հորը սպառնում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով: Պատժաչափը կախված է չվճարված հարկերի ծավալից: Նշենք, որ նախկինում, մինչեւ քրօրենսգրքում փոփոխություններ կատարելը, հարկերից խուսափելը պատժվում էր միայն 5 տարվա ազատազրկմամբ, տեղեկացնում է SovSport.ru-ն:

Նշենք, որ Մեսին եւ նրա հայրը՝ Խորխե Օրասիո Մեսին մեղադրվում են 2007-2009թթ. չորս միլիոն եվրո հարկային վճարումներ չկատարելու մեջ: Իսպանիայի հարկային ծառայությունն արդեն դիմել է առաջին ատյանի դատարան եւ գործը կլսվի Գավայում, որտեղ գրանցված է Մեսին:

Ինչ վերաբերում է Մեսիին, ապա վերջինս հերքել է բոլոր մեղադրանքները:

«Ուղղակի ցնցված ենք այս նորություններից, քանի որ երբեք օրենք չենք խախտել: Մեր հարկային պարտականությունները մենք կատարել ենք՝ հետեւելով մեր հարկային խորհրդատուներին: Հենց նրանք էլ հոգ կտանեն, որ այս իրավիճակը պարզվի»,- ասել է Մեսին Ֆեյսբուքի իր էջում:

Նախորդ հոդվածը‘Մազերի աճեցումից մինչեւ այրվածքների բուժում. Հայ գյուտարարներն այս տարի 44 գյուտ են գրանցել’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Խախտվում են Ազգային պատկերասրահի աշխատողի իրավունքները’