‘Մակրոնն՝ Էրդողանին. ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը վերաբերում է նաև Աֆրինին’

1605

Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում իրավիճակի շուրջ: Մակրոնը իր թուրք պաշտոնակցին հիշեցրել է, որ կրակի դադարեցման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը վերաբերում է նաև Աֆրինին:

«Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևին՝ Արևելյան Գուտայում չի հաջողվում դադարեցնել կրակը»,-  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան մտադիր է Մոսկվայի և Թեհրանի հետ շարունակել բանակցություններն այդ հարցի շուրջ:

«Ես շատ լավ հասկացա, որ պարոն Մակրոնն անհանգստացած է այդ հարցով: Ես ի գիտություն ընդունեցի նրա անհանգստության պատճառները: … Մենք Ֆրանսիայի, ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ միասին կհետևենք իրադարձությունների ընթացքին, որպեսզի հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին Արևելյան Գուտայում»,- ասել է նա:

Մինչդեռ Մակրոնն իր թուրք գործընկերոջը հիշեցրել է, որ Անվտանգության խորհրդի բանաձևը «տարածվում է սիրիական ողջ տարածքի վրա»: Երեսնօրյա զինադադարը պետք է հաստատվի նաև Աֆրինում, որտեղ Թուրքիան «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան է իրականացնում: Նախօրեին այնտեղ են ժամանել թուրքական հատուկ նշանակության ուժերը ՝ հերթական ռազմական գործողությունները մղելու քրդերի դեմ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը’