‘ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում սպասում են Հասան Ռուհանիի ելույթին’

947

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ելույթ է ունենալու Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Սա առաջին անգամ է, որ Ռուհանին, որը հայտնի է իր դերակատարմամբ՝ որպես  Մոհամադ Հաթամիի իշխանության օրոք իրանական միջուկային ծրագրի հարցով բանակցություններ վարող, հանդես է գալու Գլխավոր ասամբլեայի առջև:

Ռուհանիի այցի կապակցությամբ ՄԱԿ- շենքի առջև ցույց են անցկացրել այն իրանցիները, ովքեր համաձայն չեն Թեհրանի քաղաքականությանը: Ցուցարարները Ռուհանիին «ահաբեկիչ» և «ստախոս» են անվանել: «Մեզ իսկական հեղափոխություն է անհրաժեշտ: Մեր ժողովրդին անհրաժեշտ են ժողովրդավարություն և բարեփոխումներ»,- ասել է ցուցարարներից մեկը:

Սակայն Արևմուտքը հույսեր է կապում Ռուհանիի հետ: Փորձագետների կարծիքով՝ շատ բան կախված է նրանից, թե արդյոք Իրանի նոր առաջնորդը կարող է ճկունություն դրսևորել և սկսել այնքան սպասված երկխոսությունը: «Երբ Ռուհանիի նախորդը՝ Ահմադինեժադը, մոտենում էր ՄԱԿ-ի ամբիոնին, դիվանագետները սովորաբար դահլիճից դուրս էին գալիս: Իսկ այս անգամ, ընդհակառակը՝ բոլորն ուզում են ներս մտնել: Արևմուտքում շատերն են հավատում, որ հենց Ռուհանիի ձեռքում է հնարավորությունների դիվանագիտական դռների բանալին, որը կարող է նոր հեռանկար բացել Մերձավոր Արևելքի համար»,- Նյու Յորքից հաղորդել է EuroNews-ի թղթակից Շտեֆան Գրոբեն:

Նախորդ հոդվածը‘ՃՈ-ն հերքում է. Մգեցված ապակիներով երթևեկող վարորդները չեն տուգանվելու’
Հաջորդ հոդվածը‘Նոր՝ «A» դասի Օմբուդսմեն ‘