‘ՄԱԿ-ի փորձագետը կոչ է անում ՀՀ առողջապահության համակարգում ներդնել ժամանակակից մոտեցումներ’

3542

ՄԱԿ-ի գրասենյակից փոխանցում են, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետի եզրակացությունը առաջին պաշտոնական այցի ավարտին այն է, որ Հայաստանում պետական իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը՝ արձագանքելու երկրի առողջապահական համակարգում առկա մարտահրավերներին  եւ անհավասարություններին:

«Հայաստանն իրականացրել է մի շարք գովելի բարեփոխումներ, սակայն մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության իրավունքի իրացումը դեռեւս բախվում է մի շարք լուրջ մարտահրավերների՝ կապված առողջապահության նկատմամբ հնացած մոտեցումների եւ շարունակական անհավասարությունների խնդրի հետ», — ասել է առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասն՝ իր առաքելության ավարտին արված հայտարարությունում։

Նա նշել է, որ Հայաստանն առաջընթաց արձանագրելու լավ հնարավորություններ ունի, սակայն ընդգծել է նաեւ կառուցվածքային եւ համակարգային մարտահրավերներ՝ թե՛ օրենսդրական, թե՛ գործնական դաշտերում:

«Առողջապահության ոլորտի պետական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից ցածր են, սա աշխարհի ամենացածր ցուցանիշներից է»,- ասել է Պուրասը։

«Երկիրը շարժվում է դեպի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգ, որտեղ բնակչության կոնկրետ խմբերի, հիմնականում՝ քաղաքացիական ծառայողների եւ սոցիալապես անապահով խմբերի համար վերանայված արտոնությունների մասով որպես երրորդ կողմ հանդիսացող կառավարիչներ կներառվեն մասնավոր ապահովագրողները։ Սա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ համակարգում ներառվելու իրավասության, ընդգրկման եւ ֆինանսավորման տեսանկյունից. հավանական են անհավասարություններն եւ անարդյունավետ գործառնությունները, եթե չապահովվի ուժեղ վերահսկողություն եւ թափանցիկություն»։

Պուրասը  գովելի է համարել ընթացիկ ջանքերը, որոնք ուղղված են ուժեղացնելու առաջնային օղակի եւ այլ ամբուլատոր բուժծառայությունները։ Սակայն նաեւ ընդգծել է «լուրջ մարտահրավերները», որոնց բախվում է առողջապահական համակարգը նախկին, մեծապես հիվանդանոցային խնամքով բնութագրվող խորհրդային կենտրոնացված համակարգից անցման ճանապարհին, ինչպես նաեւ շեշտել է հասանելիության ու որակի տեսանկյունից լուրջ սոցիալ-տնտեսական եւ աշխարհագրական գործոններով պայմանավորված անհավասարությունները։

Հոգեկան առողջությանն ուղղված ծառայությունները դեռեւս հետ են մնացել ժամանակակից մոտեցումներից, ասաց Հատուկ զեկուցողը՝ կոչ անելով Հայաստանին «հրաժարվել հոգեկան առողջության հնացած քաղաքականություններից եւ ծառայություններից, որոնք հիմնվում են մեծ հոգեբուժական հիվանդանոցների եւ երկարաժամկետ խնամք տրամադրող հաստատությունների վրա»։

«Թվում է՝ չկա բավականաչափ քաղաքական կամք՝ կրկնելու ժամանակակից համայնքային ծառայությունների օրինակը եւ տարածելու այն ամբողջ երկրում։ Սա իր հետ բերում է այն հավանական վտանգը, որ հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներին ուղղվող ֆինանսավորումը կարող է ներդրվել առանձնացված, երկրի հոգեկան առողջապահության համակարգում դեռեւս գերիշխող հոգեբուժական հաստատությունների վերանորոգման եւ ընդլայնման նպատակներով»,- ասել է Պուրասը։

«Ես հատկորոշել եմ Հայաստանում հոգեկան առողջության համակարգում առկա այս արատավոր շրջանի նշանները՝ տեսնելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ չափազանց հեշտորեն եւ չափազանց հաճախ են հոսպիտալացվում հոգեբուժական հիվանդանոցներում, միտում կա նրանց չափից շատ դեղորայք տալու եւ պահելու մեծ հաստատություններում երկարաժամկետ՝ պիտակելով որպես խրոնիկ հիվանդներ։ Սա միայն թուլացնում, խարանում եւ խտրական վերաբերմունք է ցուցաբերում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, հետեւաբար, հարկ է հրաժարվել դրանցից»։

Տուբերկուլոզով հիվանդների խնամքը նույնպես կարիք ունի լուրջ եւ անհապաղ բարելավման, այդ թվում՝ նոր օրենսդրական ապահովման՝ երաշխավորելու նրանց դեմ խտրական վերաբերմունքի բացառումը, — նկատել է Հատուկ զեկուցողը։

«Տուբերկուլոզը Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լուրջ մտահոգություններից է, քանի որ ունի եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տարածվածության ցուցանիշներից մեկը։ Հայաստանում բուժման արդյունքների ցածր մակարդակը մասամբ բացատրվում է  տուբերկուլյոզի՝ բազմադեղորայքային կայուն ձեւի մեծ տարածվածությամբ, ինչպես նաեւ հիվանդների խարանման բարձր մակարդակով» , — ասաց նա։ «Տուբերկուլյոզի համայնքային խնամքի եւ բուժման կենտրոնները դեռ հարկ է լիարժեք կերպով զարգացնել»։

Հատուկ զեկուցողը գովելի է համարել Հայաստանի հանձնառությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղղությամբ, հատկապես այն իմաստով, որ Հայաստանը դարձել է աշխարհի այն չորս երկրներից մեկը, որտեղ վերացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցումը մորից երեխային։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ բնակչության հիմնական թիրախային խմբերը ենթարկվում են մեծ ռիսկերի եւ բախվում են խոչընդոտների թե՛ օրենսդրորեն, թե՛ գործնականում, ինչպես նաեւ հանդիպում են խարանման եւ խտրականության, երբ հետազոտության եւ բուժման ծառայությունների են դիմում։

Նա կոչ է արել Հայաստանին՝ առանձնակի ուշադրություն դարձնել այնպիսի խմբերի կարիքների բավարարմանը, ինչպիսիք են երեխաները, միգրանտները, թմրադեղեր օգտագործողները, հաշմանդամները՝ ապահովելու «Կայուն զարգացման 2030 օրակարգով» սահմանված առողջապահական թիրախների ձեռքբերումը։

Պարոն Պուրասն Հայաստան է այցելել 2017 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի  5-ը, հանդիպումներ է ունեցել Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների, դատական համակարգի ներկայացուցիչների, առողջապահության ոլորտի պաշտոնյաների եւ աշխատակիցների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, դիվանագետների եւ քաղաքացիական հասարակության դերակատարների հետ։ Նա այցելել է տարբեր հաստատություններ Երեւանում, Աբովյանում, Սեւանում, Դիլիջանում, Վանաձորում եւ Սպիտակում։

Այցի շրջանակներում կատարած բացահայտումների մասին համապարփակ զեկույցը նա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2018 թ. հունիսին։

***

Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը անկախ փորձագետ է, որը նշանակվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից՝ աջակցելու պետություններին եւ այլոց հնարավոր լավագույն չափորոշչին համապատասխան առողջության իրավունքը խթանելու եւ պաշտպանելու գործում։ Դայնիուս Պուրասը (Լիտվա) հոգեկան առողջության, երեխայի առողջության եւ հանրային առողջապահական քաղաքականությունների ոլորտում նշանակալի փորձագիտական հմտություններ ունեցող բժիշկ է։ Նա Վիլնիուսի համալսարանի դասախոս է եւ Մանկական հոգեբուժության եւ սոցիալական մանկաբուժության կենտրոնի տնօրենն է։ Դասավանդում է Բժշկական ֆակուլտետում, Միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ինստիտուտումեւ Վիլնիուսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։

Հատուկ զեկուցողները Մարդու իրավունքների խորհրդի՝ Հատուկ ընթացակարգերի մասն են կազմում։ Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների ամենամեծ մարմինը, Խորհրդի՝կոնկրետ երկրներում տիրող իրավիճակների կամ ամբողջ աշխարհում թեմատիկ խնդիրների շուրջ անկախ փաստահավաք եւ մշտադիտարկման մեխանիզմների ընդհանրական անվանումն է։  Հատուկ ընթացակարգերի փորձագետներն աշխատում են կամավոր սկզբունքներով՝ նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն եւ իրենց աշխատանքի համար չեն վճարվում։ Նրանք անկախ են որեւէ կառավարությունից կամ կազմակերպությունից եւ ծառայում են անհատական հիմունքներով։

 

Նախորդ հոդվածը‘ՀԱԵ-ն Գումբուրդոյի տաճարը վրացական է ճանաչում. համատեղ հայտարարություն’
Հաջորդ հոդվածը‘Ռադան օրենք է ընդունել Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին’