‘ՄԱԿ-ում Պաղեստինի Ազգային Ինքնավարության կարգավիճակը բարձրացնելու քվեարկությանը Բելգիան ձեռնպահ կմնա’

877

Նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում  տեղի է ունենալու քվեարկություն՝ ՊԱԻ-ի կարգավիճակն այդ միջազգային կառույցում մինչև «դիտորդ-պետություն» բարձրացնելու և 1949-1967 թթ. սահմանը ճանաչելու վերաբերյալ, հաղորդում է РИА Новости-ն: Չորեքշաբթի Le Soir թերթը, հղում անելով Բելգիայի ԱԳՆ ներկայացուցիչներին, հաղորդել է, որ Բրյուսելն այդ քվեարկություններում ձեռնպահ կմնա՝ դրանով իսկ, փաստորեն, սատարելով ԱՄՆ-ին և Իսրայելին: Ի դեպ, մեկ տարի առաջ Բրյուսելը կողմ էր քվեարկել ՊԱԻ- ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ մտնելուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաղեստինի Ազգային Ինքնավարության ղեկավար և Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջնորդ Մահմուդ Աբասը, չանսալով Իսրայելի և ԱՄՆ-ի կոչերին՝ զերծ մնալ միակողմանի գործողություններից և վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ, հայտարարել էր, որ մտադիր է նոյեմբերի 29-ին այդ հարցերը քվեարկության դնել ՄԱԿ-ի ԳԱ-ում: Մամուլի տեղեկատվության համաձայն՝ Աբասի որոշումը պաշտպանել է նաև ՀԱՄԱՍ շարժումը:

ՊԱԻ-ն ձգտում է անկախ պետություն ստեղծել 1967 թ. սահմաններով և հույս ունի, որ բանակցությունների արդյունքում Իսրայելը զորքերը դուրս կբերի 1967 թ. պատերազմից հետո օկուպացրած պաղեստինյան տարածքներից՝ Հորդանան գետի Արևմտյան ափից, Գազայի հատվածից և Արևելյան Երուսաղեմից: Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967 թ. սահմաններին և չի ուզում քննարկել Երուսաղեմի հարցը, որը նա հայտարարել է իր «հավերժական և անբաժանելի մայրաքաղաքը»: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը ոչ հերքում, ոչ հաստատում է Սաշիկ Սարգսյանի որդու՝ վթարի ենթարկվելու լուրը’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԳԱ-ն մեղադրում է Իրանին, ԿԺԴՀ-ին, Մյանմային և Սիրիային՝ մարդու իրավունքները պարբերաբար ոտնահարելու համար’