‘Մահացած զինծառայողի մայրը խնդրում է գտնել իրական հանցագործին’

1184

Հուլիսի 30-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել է հերթական մահվան դեպքը, որը ըստ նախնական տվյալների որակվել է որպես ինքնասպանություն: Զինծառայողը Արման Հովսեփի Մուրադյանն է (ծնված 1993 թ.), որը բնակվել է  Վանաձոր քաղաքում: Արման Հովսեփի Մուրադյանի բնակարանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները փորձել են պարզել դեպքի մանրամասները: Ըստ մոր խոսքերի՝ իրեն հայտնել են, որ որդին իբր եղել է «աղանդավորական» շարժման անդամ, որի պատճառով ինքնասպանություն է գործել: Սակայն մայրը ժխտում է նման տեղեկատվությունը՝ պնդելով, որ իր որդին Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ էր եւ նույնիսկ եկեղեցի գնացել է ոչ այնքան հաճախակի, եւ բացի այդ բավականին զբաղված է եղել: Հարազատները  հայտնել են, որ, իրենք տեղեկություն են ստացել, թե իբր  դիակի  մոտ հայտնաբերվել է ինչ-որ այրված թուղթ, որը վերստին կապվել է աղանդավորական երեւույթների հետ: Մոր ասելով՝ իրենց ընտանիքը բազմաթիվ փորձությունների եւ խնդիրների միջով են անցել, եւ վերջերս են խնդիրները լուծվել, եւ հնարավաոր չէր, որ այդ ամենը հաղթահարելուց հետո իր որդին դիմեր այդ քայլին:

Նա որդուն նկարագրել է որպես կյանքով լեցուն, ընկերների շրջապատում հարգանք վայելող եւ սիրված անձնավորություն: Սրանք այն տեղեկություններն են, որոնք հնարավոր է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին հասկանալ Արմանի մոր կցկտուր լացակումած խոսքերից: Այժմ դիակը տեղափոխվում է Վանաձոր, իսկ առավել ճշգրիտ տեղեկություններ, ըստ Արմանի բարեկամուհիներից մեկի՝ կարող են հայտնել վաղը: Որդու մահվան դեպքի հետ կապված մայրը մտադիր է իր իսկ ձեռքերով վրեժխնդիր լինել այն մարդկանցից, ովքեր իրապես մեղավոր են: «Երկար ժամանակ է լռել եմ, սակայն այժմ չեմ պատրաստվում լռել: Օգնեք ինձ գտնել հանցագործին» – ողբալով ասում էր Արմանի մայրը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Նախորդ հոդվածը‘Գնդապետ Բուդաղյանը առանց փամփուշտի էր գնացել Սյունիքի մարզպետի տան մոտ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ափերի մոտ զբոսանավ է բռնկվել’