‘Մահացել է Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը’

1543

86 տարեկանում մահացել է հայ փիլիսոփա, պատմաբան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։
Սեն Արևշատյանը ծնվել է 1928 թ. հունվարի 7-ին Երևանում։ Հայրը՝ Սուրեն Արևշատյանը, թատերական ինստիտուտի դասախոս էր, մեծ հարգանք վայելող մտավորական, հռետորության բուհական առաջին ձեռնարկի հեղինակ։ 1951 թ. Սեն Արևշատյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

1951-54 ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել է հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ։ 1956 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ 14-15-րդ դարերի մատենագիր, ականավոր գիտնական Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքների վերաբերյալ։ 1954-59 թթ. Ս. Արևշատյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի գիտաշխատող։ 1959 թ. ապրիլին նա աշխատանքի է անցել ՀԽՍՀ Մինստրների խորհրդին առընթեր հին ձեռագրերի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ։ 1972 թ. ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1973 թվականին Ս. Արևշատյանը ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման բաժինը, իսկ 1982 թ. մարտին նշանակվել է Մատենադարանի տնօրեն, նաև համատեղության կարգով եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմաբանասիրական հանդեսի պատասխանատու քարտուղարը (1958-1960 թթ), փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող` 1972-1979 թթ։

Սեն Արևշատյանը 1975-1978 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Ցայսօր այդ ինստիտուտի գիտաթեմատիկ խմբի գիտական ղեկավարն էր։

1982 թ. Սեն Արևշատյանն ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Ակադեմիկոս Արևշատյանը 25 տարի` 1982-2007 թվականներին եղել է Մատենադարանի տնօրեն, իսկ 2007 թ. ցայսօր Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ։

Սեն Արևշատյանը հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում 30 մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Շտուտգարտում, Սանկտ Պետերբուրգում, Աթենքում, Կահիրեում և այլուր։ Դրանք վերաբերում են հիմնականում հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, բայց դրանց ընդգրկումն իրականում շատ ավելի լայն է, իսկ տեսական առումով դրանք պարունակում են հայկական մշակույթի և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ։ Այս տեսակետից գիտական լուրջ արժեք են ներկայացնում նրա «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները», «Միջանադարյան Հայաստանի դպրոցների պատմության շուրջը», «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (5-6-րդ դարեր)», «Դավիդ Անհաղթ» և այլ մենագրություններ, որոնցից յուրաքանչյուրը բովանդակում է նոր գաղափարներ, մշակույթի պատմության ժամանակաշրջանների նոր իմաստավորում, գրավոր հուշարձանների նոր ընթերցում։ Պրոֆեսոր Արևշատյանի գիտական գործունեության կարևոր մասն են կազմում հայ ականավոր իմաստասերներ Մեսրոպ Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու երկերի ռուսերեն թարգմանությունները։

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. Հենրիխ Մխիթարյանը հիանալի գոլ խփեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պետր Չեխ. «Ես չեմ ուզում հայտնվել պահեստայինների նստարանին»’