‘Մահափո՞րձ, թե՞ բեմադրություն. Վիրաբույժի և քննիչի կասկածները ‘

7017

Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպից հետո շատերը սկսեցին տարօրինակ հանգամանքներ գտնել և մատնացույց անել: Մեզ հետ զրույցում Հայաստանի հայտնի վիրաբույժներից մեկը (ով, հասկանալի պատճառներով, չցանկացավ, որ հրապարակենք իր անունը) իր մասնագիտական տարակուսանքը հայտնեց դեպքին հետևած մի շարք տարօրինակ հանգամանքների կապակցությամբ:

Բժիշկը պնդում է, որ Հայրիկյանի, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ աջ անրակի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով անհնար էր, որ փամփուշտը մնար մարմնի մեջ և դուրս չգար: Ավելին, ըստ բժշկի՝ միայն պարսատիկի (рогатка) հարվածից կարող էր քար/փամփուշտ մնալ մարդու մարմնում:

Երկրորդ տարօրինակ հանգամանքը բժիշկը համարում է դեպքից հետո տարածված տեսանյութը, որը, ըստ այդմ, արվել է դեպքից րոպեներ անց: Բժիշկը պնդում է, որ նման դեպքից րոպեներ անց վիրավորը չի կարող նման ցավային շոկ ունենալ (болевой шок), քանի որ սովորաբար նման շոկն սկսվում է դեպքից 15-20 րոպե անց միայն:

Երրորդ տարօրինակ հանգամանքն, ըստ բժշկի՝ հիվանդանոցի ընտրության հարցն է: Բժիշկի խոսքով՝ հրազենային վնասվածքով մարդուն սովորաբար տանում են տարածքում ամենամոտը գտնվող հիվանդանոցը: Պարզ է, քանի որ դեռ հայտնի չէ վնասվածքի աստիճանը, հետևավաբար՝ ամեն մի րոպեն կարող է դեր խաղալ վիրավորի կյանքում, և հետևաբար՝ նրան պետք է ցուցաբերել անհետաձգելի բուժօգնություն: Այնինչ Հայրիկյանին տեղափոխում են ոչ թե մոտակայքում գտնվող ՝ Համալսարանական կլինիկական համար 1 հիվանդանոցը, այլ հասցնում են մինչև Նոր Նորքում գտնվող Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Չորրորդ կասկածելի հանգամանքն, ըստ բժշկի՝ այն է, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխած մարդուն, փամփուշտը հեռացնելու համար, վիրահատում են ոչ թե հենց նույն օրը, այլ մեկ օր անց: Բժիշկը տարակուսում է, որ հիվանդին վիրահատելու փոխարեն՝ նրա հիվանդասենյակը վեր են ածում անհամար թվով հյուրեր ընդունելու հյուրասենյակի: Բժիշկը զարմանալի է համարում այն, որ վերակենդանացման բաժանմունքը վերածվել էր «գյուղամեջի», մինչդեռ այնտեղ սովորաբար ընդհանրապես արգելում են օտար մարդկանց ելումուտը: Անգամ՝ հարազատներին:

Ի դեպ, մեզ հետ զրույցում Հայաստանի իրավապահ համակարգում աշխատող փորձառու քննիչներից մեկն էլ մեկ այլ տարօրինակ փաստ արձանագրեց: Նրա խոսքով, տարօրինակ հանգամանք էր այն, որ դեպքից անմիջապես հետո տարածված տեսանյութում ցուցադրում էին այն փամփուշտը, որը գտել էին դեպքի վայրում, և որը չէր կպել Պարույր Հայրիկյանին: Փորձագետը պնդում է, որ այդ փամփուշտը պրակտիկորեն հնարավոր չէր մթության մեջ նման արագությամբ հայտնաբերել: Նա նաև կասկածելի է համարում այն, որ չնայած Հայրիկյանը առաջիկ իսկ օրը պնդել է, որ տեսել է իր վրա կրակողին, իրավապահները ֆոտոռոբոտ կազմելու մասին հայտարարություն են արել միայն օրեր անց և ոչ թե անմիջապես: Նա նշում է, որ տարօրինակ է նաև այն, որ անմիջապես սկսվել է տարածվել «մահափորձ» վարկածը, այնինչ, կարող էր պատահել այնպես, որ դա եղել է հարբած խուլիգանի կողմից պատահական արձակված կրակոց: Ի դեպ, նա տարօրինակ է համարում նաև Հայրիկյանի որոշ հայտարարություններ, որտեղ նա սկզբում պնդում է, թե կրակել են 25-30 մետրից, ապա որոշ ժամանակ անց ասում է, թե ձեռքով դիմադրություն է ցույց տվել կրակողին, ինչի արդյունքում փամփուշտը չի դիպել նշանակետին:

Հ.Գ. Հայտնի քաղտեխնոլոգներից մեկն էլ՝ մեզ հետ զրույցում ամփոփելով ողջ կատարվածը՝ նշեց, որ այս ամենը իրեն բեմադրություն է հիշեցնում: Նրա խոսքով, քանի որ այս նախագահական ընտրությունների հանդեպ կար հասարակական 0 հետաքրքրություն, նման միջադեպ կարող էր բեմադրվել՝  ընտրությունների հանդեպ հետաքրքրություն արթնացնելու համար: 

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլին չի շտապում հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից’
Հաջորդ հոդվածը‘«Անհաղթահարելի խոչընդոտ» շոուն կարող է շարունակվել’