‘Մահափորձ ԼՂՀ նախագահի նախկին թեկնածուի նկատմամբ ‘

2510

Քիչ առաջ ԼՂՀ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ անհայտ անձը փորձել է մահափորձ իրականացնել ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ:

«2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը  21.10-ին, Վիտալի Միքայելի Բալասանյանը /ծնված 1959թ., բնակվում է` ք. Ասկերան, փողոց Ե. Դանիելյան, տուն 25, ԼՂՀ ԱԺ պատգամավոր/ բանավոր հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող  մեխանիզմ է ընկել:

ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը  18.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման «Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /Շատերի կյանքի  համար վտանգավոր եղանակով սպանության փորձ/ և ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով /Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը  կամ կրելը/: Տարվում է նախաքննություն»,- փոխանցում է ԼՂՀ գլխավոր դատախազությունը:

 

Նախորդ հոդվածը‘Ամանորյա ուղերձն իբր անհատական հաղորդակցության ժանր ‘
Հաջորդ հոդվածը‘Շնորհավոր Ամանոր. Հաղթելու ենք’