‘Մամուլը՝ ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի մասին’

1858

Մամուլն այսօր անդրադառնում է ֆինանսական շուկայում տիրող իրավիճակին, այս հարցի հետ կապված ԱԺ փակ արտահերթ նիստին և Հովիկ Աբրահամյանի և ԿԲ նախագահ Ջավադյանի հայտարարություններին: Ժողովուրդը գրում է.

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները կարծես թե արթնացան թմբիրից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը հրապարակավ փորձել են հանգստացնել մեր երկրում սկսված խուճապը: Բայց լավ կլիներ չխոսեին: Վարչապետը, բնականաբար, պատճառաբանել է, որ. «Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից»: Իսկ թե ինչ են արվել մինչ օրս «սպեկուլյատիվ տարրերը» չեզոքացնելու համար, վարչապետի հայտարարությունից այդպես էլ հասկանալի չի դառնում: Միայն սին խոսքեր, խոստումներ և իրականությունից կտրված դատողություններ: «Կառավարությունը մշտական կապի մեջ է նաև իր միջազգային գործընկերների հետ և վստահ է, որ համատեղ ջանքերով և սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն՝ թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»,- հայտարարել է վարչապետը: Մինչդեռ ՀՀ քաղաքացիները մոտակա խանութը մտնելիս արդեն հասկանում են, թե ինչքան անտեղյակ է վարչապետը (առնվազն՝ նրա համար տեքստ գրողները) թանկացումներից:

Ապագայի անորոշության բաղադրիչներ էին պարունակում նաև ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարի խոսքերը: ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ «Հայաստանում դրամի իրական գինը հայտնի կլինի ազգային արժույթի գերարժեզրկման պատճառների վերացումից հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է, և սպեկուլյացիոն ու անհարկի իրավիճակի վերացումից հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի»: Եթե մի կերպ կարելի է հասկանալ սպեկուլացիոն գործելաոճին առնչվող ձևակերպումը, ապա անհասկանալի է, թե ինչ է նշանակում «անհարկի իրավիճակ» արտահայտությունը: Ո՞վ է ձևավորել այդ անհարկի իրավիճակը և ո՞վ է պատասխանատուն: Գուցե ավելի մատչելի բացատրությո՞ւն տրվեր: Ջավադյանի միակ հուսադրող միտքն այն էր, որ հայկական բանկերը վճարունակ են և կարող են քաղաքացիների հաշիվներն ու ավանդները սպասարկել:

Ի՞նչ է ստացվում: Տարիներ շարունակ մեր երկրում լայնամասշտաբ քարոզչություն էր իրականացվում, թե շատ ոլորտներում աճ կա, արտադրական գործընթացը խրախուսվում է, Սերժ Սարգսյանն էլ պարբերաբար ինչ-որ ժապավեններ էր կտրում՝ փորձելով ապացուցել, որ «Հայլուրի» և պատասխանատու մյուս հեռուստաընկերությունների կողմից մատուցվող Հայաստանի պատկերն իրական է, և կամաց-կամաց մենք դառնում ենք ինքնաբավ երկիր: Սակայն իրականում, երբ PR-ը լարված իրավիճակում դուրս եկավ հրապարակից, «տակը մնաց» խոշտանգված տնտեսությունը՝ արտադրական ծավալների էական կրճատումներով: Եւ հիմա հարց է առաջանում՝ հսկայական միլիոններ ծախսելով՝ ինքնագովազդ անելը քանի՞ գրոշի արժեք ունի»:

«168 ժամը» գրում է. «Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում տարիներ շարունակ ամենաշատը հնչած գնահատականն այն է, որ մարդիկ, քաղաքացիները կորցրել են վաղվա օրվա նկատմամբ հույսը և հավատը: Հենց դա է ամենամեծ չափով արտագաղթի ամենախորքային պատճառը: Այն, ինչ վերջին շաբաթներին կատարվում է Հայաստանում՝ կապված դրամի փոխարժեքի գահավիժման և ժամ առ ժամ արձանագրվող թանկացումների հետ, մարդկանց զրկել է ոչ միայն վաղվա, այլև անգամ այսօրվա նկատմամբ հավատից:

 Քաղաքացիները լսում են խուճապի չմատնվելու մասին՝ իշխանությունների կոչերը, բայց մինչ փորձում են հետևել կոչերին, բանկերում, տարադրամի փոխանակման կետերում ու խանութներում հերթական արժեզրկումն են արձանագրում: Իրականում այս օրերին արժեզրկվում է ոչ թե հայկական դրամը, այլ ՀՀ քաղաքացու կյանքը, ոչ թե արժեզրկվում, այլ, ինչպես երեկվանից իշխանության ներկայացուցիչներն են հայտարարում՝ գերարժեզրկվում է ժամ առ ժամ: Ոչ միայն դրամական, այլ նաև բարոյահոգեբանական առումով: Եվ եթե դրամի փոխարժեքի անկման նյութական հետևանքները գոնե տեսականորեն կարող են վերացվել, ապա նույնը շատ դժվար է ասել մարդկանց, քաղաքացիների հավատի մասին, որը բանկերում ու տարադրամի փոխանակման կետերում չի վաճառվում: Անգամ գերարժեզրկված փոխարժեքով։

«ՀԺ»-ն գրում է. իշխանությունները այսպես կոչված «բանավոր ինտերվենցիա» իրականացրեցին: Ինչի՞ մասին է խոսքը: Արտարժութային շուկաները չափազանց զգայուն են, և տվյալ պահին փոխարժեքը կախված է ոչ միայն երկրի ֆինանսատնտեսական և դրամավարկային ցուցանիշներից. այլ նաև շուկայի մասնակիցների սպուսումներից: Եթե սպասումները բացասական են. ապա անկախ զուտ ֆինանսատնտեսական ցուցանիշներից արժույթը կարող է կտրուկ արժեզրկվել: Հենց նման ղեպքերում շատ հազվադեպ կիրառվում է այս «բանավոր ինտերվենցիան»: Ինչ է դա իրենից ներկայացնում:

Օրինակ Կենտրոնական բանկի նախագահը վեր է կենում ու ասում է, որ ազգային արժույթի հետ վերջին շրջանում տեղի ունեցածը միայն սպեկուլյացիաների արդյունք է. իրենք լիքը փող ունեն, բանկային համակարգը գերկայուն է, և շատ շուտով ազգային արժույթը սկսելու է արժևորվել: Նման «բանավոր ինտերվենցիաները» ճիշտ պահին իրականացնելու դեպքում կարող են շուկայի վրա թողնել նույն ազդեցությունը, ինչ, ասենք, մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներարկումը: Երեկ տեղի է ունեցել հենց սա: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը գրեթե միաժամանակ օրվա երկրորդ կեսին, հանդես եկան հայտարարություններով: Իր բնույթով «բանավոր ինտերվենցիան» ընդամենը հավաստիացում է, որը, սակայն, մի քանի այլ պայմանների առկայության դեպքում կարող է չափազանց դրական ազդեցություն թողնել: Այդպիսի պայմաններ երեկվա դրությամբ արդեն կային։

«Ժամանակը» գրում է. «Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսատնտեսական սինքրոն ցնցումը շարունակվել է նաև երեկ՝ ստանալով ավելի սուր ընթացք։ Սինքրոն ցնցմանը զուգահեռ շարունակվում է երկու երկրների իշխանությունների սինքրոն լռությունը։ Ռուսաստանի իշխանությունների բացատրությունները, իհարկե, ռուսաստանյան հասարակության խնդիրն են, իսկ Հայաստանի հասարակությունը բացատրություն է պահանջում իշխանություններից։ Սակայն իշխանությունները լուռ են։

Որևէ մի պետական մարմին հանդես չի եկել որևէ մի հայտարարությամբ, բնակչության շրջանում առկա էմոցիոնալ լարվածությունը թուլացնելուն միտված որևէ մի խոսքով։ Հարյուր հազարավոր մարդիկ դրամային եկամուտների նախաարժեզրկման փուլում անգամ հազիվ էին հասցնում ծայրը ծայրին, և նրանք ուղղակիորեն կարող են աղքատության շեմին հայտնվել գնաճի պարագայում, որն արդեն իրողություն է և անկասկած թափ է հավաքելու։ Հազարավոր փոքր ու միջին գործարարներ կանգնել են անելանելի դրության առաջ, և նրանցից շատերը կարող են սնանկացման եզրին հայտնվել։ Այսինքն՝ սա արդեն խուճապ չէ, սա արդեն հոգեբանական, սթրեսային, շոկային մի ալիք է, որն ուղղակի կարող է մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալ։

Ինքնին հասկանալի է, որ իշխանությունների համար էլ հեշտ չէ, թեև այս դեպքում, իհարկե, սրա մեղավորը իրենք են։

Այս ամենից զատ էլ, հեշտ է, թե հեշտ չէ, իշխանություններն ունեն պարտավորություններ քաղաքացիների առաջ, և այստեղ ոչ թե նրանց բարի կամքի, մարդասիրության խնդիրն է, այլ հասարակությանը պարբերաբար հաշվետվություն ներկայացնելու պարտականությունը»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ խորհրդարանում կայացած արտահերթ նիստն ավարտվել է 22։15-ին։ Բոլոր հարցերին մանրամասն պատասխանել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որին կեսից փոխարինել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը։

Նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական պատգամավորները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրին, որ ըստ կառավարության ներկայացրած քայլերի՝ առաջիկայում կայունություն կլինի դոլար-դրամ շուկայական հարաբերություններում։ Միաժամանակ թերթը տեղեկացնում է, որ Հայաստանի մանրածախ առևտրի շուկայում վերջին օրերին տիրող իրավիճակը կարելի է բնորոշել որպես քաոս: Սա այն դեպքում, երբ մի հսկա կառույց, որի անունն է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, հարկատուների միջոցների հաշվին գործում է, որպեսզի մանրածախ շուկայում տեղի ունեցող գործընթացները լինեն ՀՀ օրենսդրության շրջանակներում:

«Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ողջ օրը փորձել է կապվել ՏՄՊՊՀ-ի պատասխանատուների հետ` կառույցի ղեկավարության գնահատականները տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ պարզելու նպատակով, բայց ապարդյուն: ՏՄՊՊ հանձնաժողովի պատասխանատուներն անցել էին խորը ընդհատակ: Մյուս կողմից հասկանալի է, որ ՏՄՊՊ հանձնաժողովը ոչ միայն ասելիք չունի, այլև չի էլ կարող ազդել Հայաստանի մանրածախ շուկայում տեղի ունեցող գործընթացների վրա, որովհետև այդ կառույցը ոչ թե ինքն է վերահսկում Հայաստանի շուկայում գործող խոշոր ընկերություններին, այլ հակառակը:

Նախորդ հոդվածը‘«Սիստեմա»-ի ղեկավար Եվտուշենկովը ազատվել է տնային կալանքից ‘
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Զախարյանը, ապօրինի հանքը և քաղաքապետարանի շենքի քարերը. «Ժողովուրդ»’