‘Մամուլն Արա Հովսեփյանի պաշտոնանկության մասին’

1404

Մամուլն այսօր անդրադառնում է Հյուսիս-հարավ ծրագրի ղեկավար Արա Հովսեփյանի աշխատանքից ազատմանը: Մասնավորապես «Հրապարակը» գրում է.

«Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրի տնօրեն Արա Հովսեփյանի ազատվելն աշխատանքից լի է հարցականներով, սակայն տեղեկատվություն տալ ոչ մեկը չի ցանկանում: Պարզ է միայն, որ Ա. Հովսեփյանը հրաժարականի դիմում է գրել, բայց նախարար Գագիկ Բեգլարյանի հորդորով: Որոշ տեղեկություններով` աշխատանքի ժամկետների և ծավալների հետ կապված խնդիրներ են եղել, ինչն էլ Ասիական բանկին տույժ ու տուգանքներ մուծելու անհրաժեշտության առջև է կանգնեցրել Հայաստանին: Բացի սա, ըստ լուրերի, կային նաև սուբյեկտիվ պատճառներ: «Երեկ մենք զանգահարեցինք Արա Հովսեփյանին, ով բավականին առույգ ձայնով ասաց, որ լավ է, նշեց, որ հրաժարականի դիմում է գրել նախարարի հետ փոխհամաձայնության արդյունքում: Սակայն, երբ հարցերը խորացան, մեկ էլ պարզվեց, որ մինչ այդ լավ լսող Արա Հովսեփյանը «լավ չի լսում», մի քանի անգամ «ի՞նչ, ի՞նչ, չի լսվում, չի լսվում» արեց ու այլևս չպատասխանեց մեր զանգերին: Ի դեպ, Արան ՄԻԱԿ-ի ղեկավար լինելու ժամանակ էլ անհաճո հարցերը չլսելու սովորույթ ուներ: Հարցերին չպատասխանեց նաև վերջինիս մամլո խոսնակը` Նանե Աճեմյանը, ով ՄԻԱԿ-ի ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի կինն է: Երեկ արդեն պաշտոնակատար նշանակվեց` «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի գնումների վարչության պետ Արթուր Սարգսյանը»:

Իր հերթին «ՀԺ»-ն մասնավորապես գրում է.

«Բայց այն, ինչ կատարվում է բուն ծրագրի իրականացման առումով, պակաս ուշագրավ չէ: «Հյուսիս-Հարավ մայրուղին», որը պետք է իրար կապի հյուսիսային Բավրա և հարավային Մեղրի անցակետերը, պետք է ունենա 556 կիլոմետր երկարություն: Դրա շինարարության համար Ասիական զարգացման բանկը պատրաստակամություն էր հայտնել հատկացնել 500 մլն դոլարի վարկ: Եվս 100 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համաձայնագիր ստորագրվել է Եվրասիական բանկի հետ ընդամենը 20 օր առաջ: Վերը նշված 500 միլիոնից 230 միլլոնը Ասիական զարգացման բանկը հատկացրել էր դեռ 2 տարի առաջ: Թվում էր, թե ոչ մի խնդիր չկա և այս ահոելի ծրագիրը ,պետք է սկսի իրագործվել: Բայց այս ծրագիրը մշտապես պարուրված Է եղել խորհրդավորության քողով: Շինարարական աշխատանքները 1.5 տարով ուշացնելու պատճառով ՀՀ Կառավարությունը Ասիական բանկին արդեն իսկ մոտ 300 հազար դոլարի տուգանք է վճարել: Մի քանի ամիս առաջ` նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին, Աշտարակի մերձակայքում մեծ շուքով մեկնարկ տրվեց ծրագրի մի հատվածի հողային աշխատանքներին: Այսօր այդ կողմերում նույնիսկ տեխնիկա չկա կանգնած: Ինչ արվել է այդ օրերին, դրանից այս կողմ ոչ մի աշխատանք չի կատարվել: Այժմ շինհրապարակում կատարյալ անդորր է: Ծրագրի կատարումը իրոք կասկածելի ընթացք ունի, և դրան մենք դեռ կանդրադառնանք»:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը իր ունեցվածքի մասին. երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջև մեծ խզում է լինում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Նախկին վարչապետն անձամբ է կազմակերպում Արքայազն Չարլզի այցը Հայաստան’