‘Տարոն Մարգարյանը իր ունեցվածքի մասին. երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջև մեծ խզում է լինում. Մամուլ’

1745

«Առավոտը» ընդարձակ հարցազրույց է հրապարակել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ. հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև (հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք քիչ ավելի ուշ).

-Քաղաքապետարանի գործունեության լուսաբանման քողի տակ գովազդվում է ՀՀԿ-ական քաղաքապետը: Ինչո՞ւ եք խախտում օրենքը:

— Ձեր հարցադրումները լավ իմաստով մի փոքր սադրիչ են, ի՞նչն ինձ թույլ է տալիս ավելի բաց ու անկեղծ լինել: Եթե հանրապետական քաղաքապետը լավ է աշխատում, ապա դա ամենալավ քարոզչությունն է, և գործող քաղաքապետը Երևանի քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանումը չի օգտագործում քարոզչության նպատակներով: Այլ հարց է, որ գուցե որոշ մարդկանց դուր չի գալիս, որ քաղաքապետարանը, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես է, ով է աշխատում: Երևանի քաղաքապետարանի միջոցաոումներն ու ծրագրերը հիմնականում երևանցիների կողմից ընդունելի են վայելում են նրանց աջակցությունը: Հարցադրման մնացած պնդումներն իմ մեկնաբանության տիրույթից դուրս են:

-Ձեր նախընտրական շտաբի պետը և այլ կուսակից ընկերներ հայտարարեցին, որ վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետն եք: Որքանո՞վ է սա իրականություն կամ չափազանցություն:

— Սոցիոլոգիական հարցումները մեկնաբանելն անշնորհակալ գործ է: Դրանք հաճելի են, եթե մատնանշում են քո առավելությունները, և դիտվում են խնդրահարույց, եթե դու առաջինը չես: Սովորաբար այդպես է բոլորի, բնականաբար, նաև ինձ համար: Սոցիոլոգիան Հայաստանում զարգացում է ապրում նույնքան, որքան այլ հասարակական գիտությունները` հետզհետե ավելի բարձր մակարդակ է դրսևորվում ամեն ասպարեզում: Ես չեմ ուզում մեկնաբանել` լավագույն քաղաքապետն եմ, թե ոչ: Համենայնդեպս, իմ գործընկերներն այդ մասին խոսելիս հղում են անում սոցհարցումներին, ու դրանք մաստակ սարքելը, կարծում եմ, մեր թիմի ներսում որոշակի պառակտում մտցնելու մղումով է թելադրված, որը, սակայն, որևէ արդյունք չի տալիս: Ուզում եմ նշել, որ ես բարձր եմ գնահատում Երևանի նախկին քաղաքապետերի աշխատանքը: Երևանի յուրաքանչյուր նոր քաղաքապետ համարվում է նախորդի գործի շարունակողն ու ժառանգորդը, և ամեն մեկը յուրովի մասնակից է դաոնում Երևանի զարգացմանն ու ունենում իր ներդրումը մայրաքաղաքի զարգացման գործում: Աշխատանքի ընթացքում որևէ մեկը թերություններից ու սխալներից երաշխավորված չէ, բնականաբար` բացթողումներ ունեմ նաև ես:

-Ձեր շնորհիվ պատգամավոր դարձավ Ձեր կնոջ եղբայրը, ինչը շահարկումների տեղիք տվեց: Ինչո՞ւ այլոց նման մեծացրիք Ձեր խոցելիության աստիճանը:

— Այս խնդիրը ժամանակին շահարկվեց: Ռոբերտ Սարգսյանին պատգամավոր են ընտրել ավանցիները: Այո, որոշակի առումով սա գուցե նաև վստահության քվե էր` տրված ինձ: Բայց գործող քաղաքական գործիչների հետ բարեկամական և հարազատական կապ ունենալը չի նշանակում, թե այդ կապը պետք է դաոնա շահարկման առիթ, ու նրանց քաղաքական կամ մասնագիտական առաջընթացը դրանից պետք է տուժի:

-Աշխատանքի բերումով հանդիպել և հանդիպում եք բազմաթիվ անձանց, սակայն ռուս սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ հանդիպումը չի մոռացվում, և ասում են, որ առաջիկա օրերին գալու է Երևան` հատուկ Ձեր քարոզարշավի համար: Ինչո՞ւ է հատկապես Վոլոչկովայի հետ Ձեր հանդիպումը քննարկվում, և ե՞րբ է նորից Երևան գալու Վոլոչկովան:

— Այս հարցին մի քիչ կատակով պատասխանեմ, երբ հերթական լրատվամիջոցներից մեկում Վոլոչկովայի հետ կապված հերթական հրապարակումն էր լույս տեսել, իմ գործընկեր և ընկեր Արմեն Աշոտյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Տարոն ջան. ներվերդ պինդ պահի, մի մասը Վոլոչկովային է նախանձում, մի մասն էլ`քեզ»: Կատակի մեջ երևի որոշ ճշմարտություն կար: Իսկ եթե ավելի լուրջ, ժամանակակից քաղաքականության, այսպես կոչված, գլամուրային դրսևորումները և «դեղին ոճը» նորմալ երևույթ են, ես ըմբռնումով եմ մոտենում:

 -Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Ձեր հայտարարագրված և չհայտարա-րագրված ունեցվածքի մասին: Դուք որևէ կերպ չարձագանքեցիք: Ձեր չհայտարարագրված ունեցվածքի մասին հրապարակված ցանկում եղած «օբյեկտները» իսկապե՞ս Ձեզ են պատկանում: Ի դեպ, Ձեր հայտարա֊րագրած ունեցվածքն էլ բավականին ներկայացուցչական է: Ինչպե՞ս եք հասցրել այդ ամենը կուտակել մանավանդ, որ գործարարությամբ չեք զբաղվել, եղել եք Ավան համայնքի ղեկավար, փոխքաղաքապետ և քաղաքապետ:

-Այս հարցի շահարկումը նույնպես կոմպրոմատների շարքից է: Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը:Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել: Նման խնդիրներով «խիստ» մտահոգվողները պետք է ուշադրություն դարձնեն, որ մյուս թեկնածուները ևս ազնիվ լինեն հայտարարագրեր ներկայացնելու հարցում, որովհետև երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջև մեծ խզում է լինում:

Նախորդ հոդվածը‘Ավելի լավ թալանելու Երևան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մամուլն Արա Հովսեփյանի պաշտոնանկության մասին’