‘Մանուկյան. Մեր այսօրվա հիմնական խնդիրը հիմնավորելն էր, որ «ոչ»-ը հաղթել է’

2546

Հայ ազգային Կոնգրեսը այսօր դիմում էր ներկայացրել ԿԸՀ` դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու համար: Մի քանի ժամ շարունակ ՀԱԿ ներկայացուցիչները փաստեր էին ներկայացնում խախտումների վերաբերյալ, սակայն, ԿԸՀ-ն, ի վերջո, ինչպես եւ սպասվում էր, մերժեց դիմումը: Այդ կապակցությամբ Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց. «Երեքուկես ժամ տեւել է ամբողջ փաստերի ներկայացումը, ներկայացվել են խախտումներ, որոնք ոչ թե մեկնաբանություններ էին, այլ` փաստեր, թե որտեղ ինչ խախտումներ են եղել, սա մի ամբողջ հանրագումար էր խախտումների, սա մի հանրագաիտարան էր, եւ դա ներկայացնում էր իրականության ընդամենը 10 տոկոսը երեւի, դա չէր նշանակում, որ խախտումներն այդքանն էին: Հետաքրքիր է, որ երեկվա վիճակով ունեինք շուրջ 180 տեղամասի մասին խախտումներ, այսօր` մինչ հասանք ԿԸՀ, խախտումների աշխարհագրությունը ընդգրկեց 200 տեղամաս, եւ ամեն րոպե գալիս էին նոր փաստեր, եւ մենք ի վիճակի չէինք բոլորը արձանագրել արդեն, որովհետեւ ընդամենը մի քանի օր ժամանակ ունեինք:

Իրականությունը հետեւյալն է. ԿԸՀ-ն ոչ թե այն մարմինն է, որը ոչ թե պետք է քննարկի խախտումները, այլ պետք է փորձի արդարացնել Սերժ Սարգսյանի քաղաքական պատվերը: Խնդիրն այն չէր, թե ինչ խախտումներ են եղել, այլ այն, որ ԿԸՀ-ն համարձակություն չունի Սերժ Սարգսյանի պատվերը մերժելու, իսկ պատվերն այն է`ես գնում եմ իմ իշխանության շարունակությանը, իսկ դու պետք է այդ ցանկությանս իրավական տեսք տաս, որ ամեն ինչ անցել  է նորմալ»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ իրենք ԿԸՀ-ից այլ արձագանք չէին էլ ակնկալում, քան այն՝ ինչ եղավ, որովհետեւ խնդիրը ոչ թե սահմանադրական փոփոխությունն էր, այլ Սերժ Սարգսյանի  դրած խնդիրը` շարունակել իշխանությունը, եւ այն, թե արդյո՞ք երկրի կառույցները կհամաձայնեն դրան, թե՞` ոչ:

«Մենք երկու խնդիր էինք լուծում` մենք հասարակությանը ներկայացրինք, որ խախտումները մասսայական են, ծավալուն են, եւ իշխանությունը դրանով է անցկացրել հանրաքվեն, հասարակությանը ներկայացրել ենք իրականությունը, որ հասարակությունը համարձակ քվեարկել է «ոչ», որ ինքը հաղթել է, աննախադեպ բան է տեղի ունեցել, ինքը իշխանությանը հնարքի տակ է թողել, իբր թե լսել է իշխանությանը, բայց գնացել՝ հակառակն է արել, չի խեղճացել, գնացել եւ պինդ «ոչ» է քվեարկել: Մեր այսօրվա հիմնական խնդիրն էր, որ հիմնավորենք, որ «ոչ»-ը հաղթել է: Եւ երկրորդ, քանի որ մենք ՍԴ ենք դիմելու, քանի որ միջազգային հանրությանն ենք ներկայացնելու եղելությունը, այս պրոցեդուալ անհրաժեշտությունը պետք էր, մենք շարունակելու ենք պայքարը բոլոր ճակատներում, որ միջազգային հանրությունը տեսնի, որ ինքը գործ ունի գող Սերժ Սարգսյանի հետ»,- ասաց Մանուկյանը:

 

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլի պատմության լավագույն եռյակները’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա Դորտմունդ» – «Այնտրախտ»֙ 4:1․ Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)’