‘Մարդու ընտրությունը’

2894

Մի թյուր կարծիք է ձևավորվել հասարակության շրջանում, թե մարդիկ, ովքեր ընդդիմության մեջ են, հնարավորություն չունեն ամեն գնով իշխանության գալու, դրա համար էլ իրենց կյանքը կապել են ընդդիմության հետ և շարունակում են զրկանքներ կրել ու ենթարկվել  ամենօրյա ապօրինությունների:

Եթե ի սկզբանե բացառենք մազոխիզմի վարկածը, ապա աբսուրդ է թվում այս տեսակետը, իսկ այսպիսի տեսակետ հայտնողներն էլ մեխանիկորեն դառնում են մի փոքր մտավոր տհաս:

Իհարկե, ընդդիմության մեջ էլ կան մարդիկ, ովքեր չեն փայլում իրենց մասնագիտական գիտելիքներով, սակայն ի՞նչն է նրանց խանգարում, «վազն անցնելով» ընդդիմությունից՝ կա՛մ դառնալ իշխանություն, կա՛մ էլ մի կողմ քաշվել և իրենց գլխի ճարը տեսնել:

Մի՞թե նրանք պակաս մտավոր ունակություններ ունեն, քան Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանն ու Հովիկ Աբրահամյանը՝ միասին վերցված, եւ միայն ու միայն իշխանություններին անմնացորդ ծառայելու երդման դիմաց չե՞ն կարող իշխանություններից որոշակի աշխատանք ստանալ, ինչպես որ անում են նախկին շատ ու շատ ընդդիմադիրներ:

Հիմա ես չեմ խոսում շարքային ընդդիմադիրների մասին, ովքեր իրենց տրամաչափով նույնպես հնարավորություն ունեն դաշտը փոխելով՝ մի ժեկում, կամ ՀՀԿ որևէ շտաբում ինչ-որ մի «պատվավոր» գործի անցնել:  

Խոսքն այն ընդդիմադիրների մասին է, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել երկրի ստեղծման ու կայացման գործում և այժմ նրանց համար խնդիր չկա՝ ընդունել իշխանությունների տարաբնույթ առաջարկներն ու ստանալ որոշակի պաշտոններ:

Հիմա իշխանությունները կադրային այնպիսի սովի մեջ են, որ ձեռք են գցում նույնիսկ չորրորդական և հինգերորդական դերակատարություն ունեցող ընդդիմադիրների, ու ինչպիսի մեծ նվեր կլինի նրանց համար՝ «ձեռք բերել» մի լուրջ դերակատարություն ունեցող ընդդիմադիրի:

Թող մոլորյալներին չթվա, որ այդպիսի փորձեր չեն կատարվում, սակայն անկախ ճնշումներից ու կյանքի մատուցած փորձություններից՝ սկզբունքային ընդդիմադիրները երբևէ չեն համաձայնել փոխանակել երկրի համար մղվող, զրկանքներով լի պայքարը՝ ավազակներից ստացած պաշտոնների հետ:

Հենց հիմա էլ եթե նրանք կամենան՝ և՛ նախարարի, և՛ դեսպանների պաշտոնները նրանց սպասում են, սակայն ինքն իրեն հարգող որևէ ազնիվ ընդդիմադիր գործիչ չի հանդգնել ու մտքի ծայրով էլ չի անցկացնում դառնալ ավազակապետության մասնիկ:

Ցավոք, այս տարի մեզնից հեռացան արցախյան պատերազմում անուրանալի մեծ դեր ունեցած Լևոն Խեչոյանն ու Սմբատ Այվազյանը, ովքեր երկուսն էլ տառապում էին անբուժելի համարվող հիվանդությամբ: Իշխանությունները՝ իմանալով վերջիններիս վիճակը, ամեն տեսակի առաջարկներ էին անում, միայն թե վերջիններս դադարեն ընդդիմադիր լինելուց ու գոնե չքննադատեին իշխանություններին, սակայն նրանք երկուսն էլ մերժեցին բոլոր տեսակի առաջարկները, որոնց համաձայնելու «կարիքը» ամենաշատը այդ պահին իրե՛նք ունեին:

Ինչպե՞ս կարելի է ընդունել այդպիսի առաջարկներ, եթե մեր եղբայր ազատամարտիկները հասցվել են գրեթե սովահարության և ամեն տեսակի զրկանքներ են կրում իշխանությունների կողմից:

Ինչպե՞ս կարելի է օգտվել իշխանությունների թերմացքներից, եթե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իսկ իշխանություններն էլ Արցախը հանել են աճուրդի ու թքած ունեն երկրի ապագայի վրա:

Եթե մարդիկ իրենց ծախվելը փորձում են բացատրել երկրի մասին իբր մտահոգությամբ, ապա թերեւս նրանց եւ մյուսներին արժեր մեկ անգամ էլ հիշեցնել, որ երկրի համար մտահոգվողը ոչ թե պաշտոն ու փող է ակնկալում, այլ պայքարում է երկրում տիրող անարդարությունների դեմ:

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ականը «սպառնում է» ապացուցել իր տղամարդկությունը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Աստանայի դասերը’