‘Մարինե Պետրոսյան. Խոհեր հանրահավաքից առաջ ‘

1199

Դառը փորձս ինձ հուշում ա՝ Մարինե, արագ մի ոգեւորվի։ Ես համաձայն եմ իրա հետ, ես սրանից հետո արագ ու միանգամից չեմ ոգեւորվելու։ Դրա համար էլ էս մի քանի օրը՝ մարտի 1-ի հանրահավաքից առաջ, ոգեւորված բաներ առանձնապես ոչ գրում եմ, ոչ էլ խոսում, ուղղակի երբ որ հարմար առիթ ա լինում՝ փողոցում, երթուղայինում, կամ խանութում, կամ տաքսիստներին, հարցնում եմ՝ մարտի 1-ին գալո՞ւ եք։ Մեծ մասամբ պատասխանում են՝ հա, բա ո՞նց։ Բայց ես էլի չեմ ուզում շատ ոգեւորվել, ինքս ինձ ասում եմ՝ քո հարցումը միակողմանի ա, քո հարցումի ընտրանքը ներառող չի, դու մեծ մասամբ հարցնում ես նրանց, որոնց գոնե թեթեւակի ժպիտից հասկանում ես՝ քեզ ճանաչել են, իսկ քեզ ճանաչողները հիմնականում որոշակի շերտ են՝ ընդդիմադիր շերտ։ Բայց տե՞նց ա որ, շատ չե՞մ ծայրահեղանում չոգեւորվելու իմ որոշման մեջ ։ Իրականում մարդկանց մի զգալի մասն ինձ հեռուստատեսային ելույթներով ա ճանաչում, իսկ դրանք՝ իմ ելույթները, մենակ քաղաքական հարցերին չեն վերաբերում, ուրեմն ինձ ճանաչողները շատ տարբեր շերտերից են։ Իմ տպավորությամբ՝ մարտի 1-ի հանրահավաքին եկողների կազմը սոցիալապես շատ ընդգրկուն ա լինելու, ՀԱԿ համակիրներից բացի, լինելու ա մի մեծաքանակ հատված բնակչության էն բազմաշերտ միջուկից, որին ես կանվանեի՝ «տեղից ուշ-ուշ շարժվող մեծամասնություն»։ Խոսքը էն մարդկանց մասին ա, որոնք ամեն օր, ամեն ամիս, նույնիսկ ՝ ամեն տարի դուրս չեն գալիս փողոց, այլ մենակ էն ժամանակ, երբ որ փոփոխությունների ռեալ հնարավորություն են տեսնում։

Մարտի 1-ի հանրահավաքը ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի հրավիրած հանրահավաքն ա, օրակարգում նշված են վեց հարց, բայց ամենակարեւորը, կարծում եմ, օրակարգի երկրորդ հարցն ա՝ «Երկրում ստեղծված իրավիճակը և Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիզմները»։ Նշածս «տեղից ուշ-ուշ շարժվող մեծամասնության» ներկայացուցիչները գալու են տեսնեն՝ ինչ ա ասվում էս հարցի մասին, ռեալ հույսեր կա՞ն, ՀԱԿը վճռական տրամադրվա՞ծ ա թե չէ, շարունակություն լինելո՞ւ ա թե չէ։ Մյուս կողմից էլ՝ ՀԱԿականներն իրանք ենք ուշադիր նայելու հրապարակում հավաքված ժողովրդին, որ հասկանան՝ շարունակելու համար բավարար ռեսուրս կա՞ թե չէ։ Ռեսուրսը, իհարկե, մենակ հրապարակում հավաքվածները չեն, նաեւ ուրիշ հասարակական շերտեր պետք ա տեղից շարժվեն՝ ռեժիմի դեմ հաղթանակը հնարավոր դարձնելու համար, շերտեր, որոնք սովորաբար հրապարակ չեն գալիս։ Բայց էդ շերտերի տեղից շարժվելը նույնպես՝ մեծապես կախված ա նրանից, թե ինչ կլինի մարտի 1-ին Ազատության հրապարակում՝ ինչքան մարդ կլինի, ինչ տրամադրություն կլինի, ինչ շարունակություն կունենա։

Եւ վերջապես, մի հանգամանք էլ կա, որի մասին չեմ կարող չխոսել։ Ազատության հրապարակի վրա, եւ ամբողջ Հայաստանի վրա, էսօր թեւածում ա ուկրաինական մայդանի գործոնը։ Քանի որ ուկրաինական հեղափոխության ներկա փուլում արձանագրվել ա հրապարակում հավաքված ժողովրդի հաղթանակը՝ իշխանության նկատմամբ, դա բնական ոգեւորություն ա առաջացրել նաեւ հայաստանցիների մեջ, եւ կարծում եմ կնպաստի մարտի 1-ի հանրահավաքի մարդաշատությանը։ Բայց մայդանի գործոնը նաեւ մեկ ուրիշ կողմ ունի։ Բոլորս տեղյակ ենք, որ մայդանի հաղթանակը ապահովվեց 80-ից ավել զոհերի գնով, եւ որ ուկրաինացի ընդդիմադիրները բավական ակտիվ, սենց ասեմ՝ ոչ էնքան խաղաղ գործողությունների էին դիմում Բերկուտի դեմ։ Այնինչ ՀԱԿ-ը միշտ հայտարարել ա, եւ հիմա էլ հայտարարում ա, որ պայքարելու ա միայն սահմանադրական, խաղաղ միջոցներով։ Նման հայտարության դեմ արդեն իսկ հնչում են սուր քննադատական ձայներ՝ ընդդիմադիր որոշ ակտիվիստների կողմից։ Էստեղ խնդիր կա, ու իմ կարծիքով՝ կարեւոր խնդիր։

Հեղափոխությունները հաճախ են ունենում չափավոր եւ ռադիկալ թեւեր։ Լեւոն Տեր-Պետրոսյանը բնույթով ռադիկալ գործիչ չի, եւ առավել եւս հիմա, երբ որ Հակ-ը կուսակցություն ա, պարզ ա որ չի գնա ռադիկալ՝ զինված պայքարի ճանապարհով։ Եթե Հայաստանում կան մարդիկ կամ խմբեր, որոնք անկեղծորեն համոզված են՝ առանց զինված պայքարի Հայաստանում փոփոխությունների հասնել հնարավոր չի, ուրեմն պետք ա անցնեն զինված պայքարի եւ դառնան ռադիկալ հեղափոխականներ՝ ոչ թե խոսքով, այլ գործով։ Թե՛ ռադիկալ հեղափոխականի, թե՛ սահմանադրական ճանապարհով գնացող ընդդիմադիրի հակառակորդն ու թիրախը նույնն են՝ իշխող ռեժիմը, ուրեմն երկուսի շահերը, առնվազն մինչեւ հեղափոխության իրագործումն ու հաղթանակը, պետք ա համընկնեն։ Եթե դա տեղի չունենա, եթե արմատական գործողությունների կողմնակիցները սահմանադրական ճանապարհով գնացող ուժին, տվյալ դեպքում՝ ՀԱԿ-ին, տեսնեն որպես հակառակորդ եւ դարձնեն հարձակումների թիրախ, կնշանակի ինչ-որ բան էն չի։

Այսօր կերեւա։ Այսօր լիքը բան կերեւա։ Ազատության հրապարակում եւ դրա շուրջ։

Աղբյուրը՝ Tert.am blog

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Մարտի 1. անեծքի հավիտյան խարան հանցագործների ճակատին’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկների մարտիմեկյան հավաքը. Ինչպես 88-ին, նրանք հիմա էլ պայքարի առաջին շարքերում են’