‘Ազատամարտիկների մարտիմեկյան հավաքը. Ինչպես 88-ին, նրանք հիմա էլ պայքարի առաջին շարքերում են’

986

Ինչպես 88-ին, ազատամարտիկները հիմա էլ պայքարի առաջին շարքերում են, սակայն, եթե 88-ին կանգնել էին ժամանակի մարտահրավերներին դեմ հանդիման, ապա հիմա պետք է կանգնեն իրենց սերունդների ու թոռների համար, Երեւանի Սարյանի պուրակի մոտ այսօր կեսօրին տեղի ունեցած ազատամարտիկների հավաքին հայտարարեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:  Նա նշեց նաեւ, որ Երկրապահ կամավորականների միության վերջին համագումարում ակնհայտ դարձավ, որ իրենց շարքերն այլևս համալրում են իշխանության կամ ազատամարտի հետ կապ չունեցող մարդիկ:

Ազատամարտին մասնակցած լրագրող Սուրեն Սարգսյանն էլ իր ելույթում հիշեց. «Վեց տարի առաջ ազգի տականքը կրակեց հայ ժողովրդի վրա, տասը անմեղ մարդ սպանեց: Հայաստանում ամենակարևորը պետականության հեղինակությունն է, որը մեզ հետ հաշվի չի նստում, մեզ դիտում են որպես քցողների , «շուստրիների», որոնց, ականջներից բռնում և հրահանգում են, ասում «սա արեք, նա արեք»:

Հավաքին ելույթ ունեցան նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը եւ այլք:

Հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2008-ի մարտի 1-2-ի անմեղ զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները կոչ էին արել, որ բոլոր կռվող տղերքը այսօր ներկա լինեն Սարյանի արձանի մոտ. «Վիրավոր, առողջ, մեկ ոտքով, երկու ոտքով ու ավելացրել, որ այսօր պատրաստվում են հայ ժողովրդին վերադարձնել իշխանությունը, երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ինչի համար ՀՀ քաղաքացիներից, իրենց նախկին մարտական ընկերներից և ընդդիմադիր քաղաքական ուժերից պահանջում են մարտի 1-ին գալ նախ Սարյանի պուրակ», — ասվում էր նրանց տարածած հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Մարինե Պետրոսյան. Խոհեր հանրահավաքից առաջ ‘
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Ժողովրդին հաղթել հնարավոր չէ’