‘Մարոկկացի դեռահասներին ձերբակալել են Facebook-ում տեղադրված լուսանկարի պատճառով’

1161

Մարոկկոյի ոստիկանությունը ձերբակալել է երկու դեռահասների, որոնք Facebook-ում տեղադրել են իրենց համբույրի լուսանկարը: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը: Rif իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ձերբակալված տղան և նրա ընկերուհին սովորում են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Նադոր քաղաքի նույն դպրոցում: Ձերբակալության պատճառը, ոստիկանության բնորոշմամբ՝ հասարակական կարգի խախտումն է:

Դեռահասների ձերբակալությունը տեղացիների զայրույթն է հարուցել, և նրանք նստացույց են անում անչափահաս իրավախախտների պահման կենտրոնի մոտ: Բացի այդ, մարոկկացի բազմաթիվ դեռահասներ, ի նշան բողոքի, Facebook սոցիալական ցանցում տեղադրել են իրենց լուսանկարները՝ համբուրվելիս: Տեղական իշխանությունները հաստատել են ձերբակալման փաստը, սակայն հրաժարվել են մեկնաբանություններ տալ:

Մարոկկոյում, որտեղ պետական կրոնը սուննի իսլամն է, արտամուսնական կապերը ապօրինի են համարվում և պատժվում են ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էդինսոն Կավանի. Սուարեսը սպասում է «Ռեալի» առաջարկին’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. Անհնար է խաղալ ավելի լավ, քան Լամը’