‘Մարտին Շուլց. «Եվրոպական գործընկերության» անդամ երկրները կանգնած չեն ԵՄ և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև’

897

«Եվրոպական գործընկերության» անդամ երկրները կանգնած չեն ԵՄ և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ  Մարտին Շուլցը:

«Բոլոր երկրներն էլ սուվերեն իրավունքներ ունեն որոշելու, թե ում հետ են ցանկանում կնքել առևտրի պայմանագրեր և տնտեսական որ բլոկի մասն են ցանկանում կազմել: Խոսքը ԵՄ և Ռուսաստանի միջև ընտրության մասին չէ»,-ուրբաթ օրը Շուլցի խոսքերը մեջ է բերում Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը, ով վստահություն է հայտնել, որ ԵՄ հետ սերտ տնտեսական և քաղաքական կապերը կարող են արևելյան համագործակցության հարևանների հարաբերությունները բարելավել նաև Ռուսաստանի հետ: «Դա բխում է մեր բոլորի շահերից»,-ասել է Շուլցը: ԵԽ նախագահը հույս է հայտնել, որ Վիլնյուսում կայանալիք «Արևելյան համագործակցության» գագաթնաժողովում ԵՄ և Ուկրաինայի միջև կստորագրվի ասոցացման համաձայնագիրը: Այստեղ միակ զսպող հանգամանքը դեռևս մնում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատազրկման հարցը:

ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը նախօրեին հնչեցվել է Վլադիմիր Պուտինի կողմից: ՌԴ նախագահի խոսքով, Կիևի և Բրյուսելի կողմից այդ համաձայնագրի ստորագրումն Ուկրաինայի միացումը Մաքսային միությանը կդարձնի անհնար: Պուտինն ընդգծել է նաև, որ այդ դեպքում Ռուսաստանը միջոցներ կիրականացնի իր շուկան պաշտպանելու ուղղութամբ:

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը վերահաստատեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրությունը, հետագա Եվրասիական տնտեսական տարածքին ինտեգրվելու համար, որից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրեցին համատեղ հայտարարություն: Մինչ այդ, 2010 թվականից, Երևանն ակտիվորեն բանակցում էր ԵՄ հետ ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, որի ավարտը նախատեսվում էր 2013 թվականի նոյեմբերին, Արևելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում:

Մաքսային միությունն ստեղծվել Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում, որպես Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի առևտրա-տնտեսական ինտեգրման ձև, նախատեսելով միասնական մաքսային տարածք: Ընդ որում, ՄՄ անդամ երկրները կիրառում են մաքսային միասնական սակագներ, ինչպես նաև երրորդ երկրների հետ ապրանքների առևտրի կարգավորման միասնական այլ միջոցներ:

Նախորդ հոդվածը‘«ԱրմենՏելի» հերթական անբարեխիղճ մրցակցության դեպքը. Ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամ ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’