‘«ԱրմենՏելի» հերթական անբարեխիղճ մրցակցության դեպքը. Ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամ ‘

986

Այսօր` հոկտեմբերի 25-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ սահմանվեց 20 մլն դրամի չափով տուգանք:

Հիշեցնենք, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունն ավելի վաղ դիմել էր ՏՄՊՊՀ և բողոք ներկայացրել մրցակից ընկերության՝ «ԱրմենՏել»-ի դեմ:

«ԱրմենՏել»-ը այս տարվա սեպտեմբերին մեկնարկել էր «Պարզից պարզ» սակագնային փաթեթը: «Օրանժ Արմենիան»-ն իր հերթին հայտարարել էր, որ այն իր՝ «Պարզ» անվանումով, սակագնային փաթեթի կրկնօրինակն է, և տեղեկացրել է, որ անվանումը դեռևս 2011-ին գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան: «Օրանժ Արմենիա»-ի համոզմամբ՝ սա շփոթություն է առաջացնում իր սպասարկման նշանի հետ:

Դիմողը նաև հայտնել էր, որ «ԱրմենՏել» ընկերության «Պարզից պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված են կարմիր և նարնջագույն բիլիարդի գնդակներ: Դրանք, ըստ «Օրանժ Արմենիա»-ի, ակնհայտորեն մատնացույց են անում շարժական կապի մյուս երկու օպերատորներին, որոնք համարվում են «պարտված պայքարում»:

ՏՄՊՊՀ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «ԱրմենՏել»-ի կողմից օրենքի խախտման փաստն իսկապես առկա է, ինչի համար էլ վերջինս ենթարկվել է ֆինանսական պատասխանատվության՝ 20 մլն դրամի չափով:

ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը հատկանշական համարեց, որ հայաստանյան շուկայում առկա կապի բոլոր օպերատորները թեժ մրցակցության մեջ են միմյանց հետ:

Բացի այդ, ՏՄՊՊՀ-ն դիտանցումներ է իրականացրել նաև հագուստի վաճառքով զբաղվող մի շարք խանութներում՝ պարզելով, որ վերջիններիս զեղչային քաղաքականությունը շատ դեպքերում մոլորության մեջ է գցում սպառողին: 50 կամ 70 տոկոս զեղչի մասին հայտարարությունը, օրինակ, գործել է միայն հատուկենտ ապրանքներ գնելու դեպքում: Այսօրինակ գործունեություն ծավալած ընկերությունների ներկայացուցիչները նախազգուշացում ստանալով՝ հեռացան նիստերի դահլիճից:

Արտակ Շաբոյանը, սակայն, վստահեցրեց՝ եթե կրկնվեն խախտումները, ընկերությունները մեծ տույժերի կենթարկվեն:

Խախտումներ թույլ տված ընկերություններից են՝ «Ռուժ Բուտե»` «Ռուժ» խանութ-սրահ, «Բեներիկ»` «Բեյսիկ Հաուս» խանութ-սրահ, «Գոհար-Անի» ընկերություն՝ «Կաշառել» խանութ-սրահ, «Նավավան» ընկերություն՝ «Բրենդաութլեթ» խանութ-սրահ և այլն:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսուա Միտերանի խորհրդականը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայաստան կատարած այցի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտին Շուլց. «Եվրոպական գործընկերության» անդամ երկրները կանգնած չեն ԵՄ և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև’