Մեծ Բրիտանիան պաշտպանական զենք է ուղարկում Ուկրաինա

400

Մեծ Բրիտանիան թեթև հակատանկային սպառազինություն է մատակարարում Ուկրաինային՝ նրա սահմանի մոտ ռուսաստանյան զորքերի կուտակման վերաբերյալ տեղեկատվության ֆոնին, հայտարարել է բրիտանական պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլլեսը Համայնքների պալատում ելույթի ժամանակ։

Ըստ նախարարի՝ Ուկրաինա կմեկնի նաև բրիտանացի զինծառայողների ոչ մեծ խումբ, որոնք սկզբնական շրջանում  ինստրուկտաժ կանցկացնեն։ Խոսքը հնարավոր ռազմական հակամարտության դեպքում զինծառայողներ ուղարկելու մասին չէ, շեշտել է Ուոլլեսը։

«Կեղծ հույս կլինի պնդել, որ բրիտանական ռազմական ուժերը միակողմանիորեն կուղարկվեն Ուկրաինա, որպեսզի ստեղծված իրավիճակում միավորվեն ուկրաինական զորքերի հետ։ Հենց այդ պատճառով էլ մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որ ուկրաինացիները կարողանան իրենք իրենց օգնել»,- ասել է նախարարը։

Ուոլլեսը նաև տեղեկացրել է, որ ռուսաստանցի գործընկերոջը՝ Սերգեյ Շոյգուին, հրավիրել է առաջիկա շաբաթներին այցելել Լոնդոն՝ անվտանգության հարցեր քննարկելու, և հայտարարել է, որ Բրիտանիան ուզում է բարեկամություն հաստատել Ռուսաստանի հետ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉպատվաստված տարեց հույները կտուգանվեն
Հաջորդ հոդվածըԱննալենա Բերբոք․ Դիվանագիտությունը միակ ճանապարհն է