‘Մեկնարկում է աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը’

1640

Նոյեմբերի 11-ին Նյու Յորքում կմեկնարկի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որում կմրցեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և չեմպիոնի կոչման հավակնորդ, աշխարհի գավաթակիր Սերգեյ Կարյակինը:

Չեմպիոնն ու հավակնորդն անցկացնելու են 12 պարտիա: Մրցախաղում կիրառվելու է հետևյալ ժամակարգը` 120 րոպե կտրվի առաջին 40 քայլի համար, այնուհետև 60 րոպե 20 քայլի համար, որից հետո 15 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլին 30 վարկյան հավելումով՝ սկսած 61-րդ քայլից:

Եթե կողմերից մեկը մինչև 12-րդ պարտիան վաստակի 6.5 միավոր, ապա մրցախաղը կավարտվի ժամանակից շուտ նրա հաղթանակով։

Եթե 12 խաղից հետո մրցախաղն ավարտվի հավասար հաշվով, մրցակիցները կխաղան 4 արագ պարտիաներ, որոնց ժամակարգը կլինի 25 րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլին 10 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից։ Եթե այս դեպքում էլ մրցախաղի հաշիվը հավասար լինի, կխաղարկվեն կայծակնային երկու պարտիաներ, որոնց ժամակարգը կլինի 5 րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլին 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից։

Եթե բոլոր պարտիաներից հետո հաշիվը կրկին հավասար լինի, կխաղարկվի որոշիչ պարտիա, որտեղ սպիտակները կունենան 5 րոպե, իսկ սևերը՝ 4։ 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար կավելանա 3 վայրկյան: Ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթանակը կտրվի սևերին:

Մրցախաղը տեղի կունենա նոյեմբերի 11-30-ը: Հանգստյան օրերն են նոյեմբերի 13-ը, 16-ը, 19-ը, 22-ը, 25-ը, 27-ը և 29-ը:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Պասկեւիչյան. Մի հատ Չարենց’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Պետրոսյան. «Պետք է ձգտենք մեր խաղով երկրպագուներին հետ բերել մարզադաշտ»’