‘Տիգրան Պասկեւիչյան. Մի հատ Չարենց’

5558

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը Ֆեյսբուքում գրում է.

«ՄԻ ՀԱՏ ՉԱՐԵՆՑ

Որ բանակում զոհված կամ վիրավորված տղաներին եւ նրանց ընտանիքներին պետք է օգնել, ոչ ոք չի կասկածում։ Որ քաղաքացիների աշխատավարձներից 1000 դրամ պահելը գուցե լուծում է՝ նույնպես։

Տպավորություն ունեմ, որ սա անուղղակի հայտարարություն է՝ գիտե՞ք, պարոնայք / տիկնայք հարկատուներ, ձեր վճարած հարկերը ոնց յուրացվել են, այդպես էլ շարունակ յուրացվելու են։

Բանակի, պատերազմի, ռազմական ծախսերի անունով մեր խեղճությունը պատճառաբանողները գիտե՞ն (հաստատ գիտեն), որ բանակում ծառայող ունեցողները գուլպա, վարտիք, շապիկ, ատամի ու կոշիկի մածուկ, սափրվելու փրփուր, սայր ու օճառ սեփական միջոցներով են մատակարարում։

…եթե, իհարկե, չեն ուզում, որ սահման պահող իրենց որդին զանազան սնկային եւ ոչ սնկային հիվանդություններով վերադառնա տուն։

Մի դիտարկում եւս։ Մի՞թե այսպիսով չենք պատրաստվում չհայտարարված պատերազմի, որի գինը 1000 դրամներով չփոխհատուցվող երիտասարդ կյանքերն են։

Սովետի ժամանակ էլ խաղաղության ֆոնդին փողեր էինք փոխանցում, դրոշմանիշներ գնում (կամավոր-պարտադիր), բայց ի՞նչ էինք ստանում դրա դիմաց։ Աֆղանստան, ուրիշ ոչինչ»։

Նախորդ հոդվածը‘Ինտերպոլը նոր ղեկավար է ընտրել’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը’