‘Մեղադրյալի փաստաբանը հայհոյում է սպանված զինծառայողի հարազատներին (Տեսանյութ)’

1599

Փետրվարի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը՝ նիստերի դահլիճում ծագած սկանդալի պատճառով, փոխանցում է news.am-ը:

Լյուքս Ստեփանյանի մոր՝ Լուիզա Ստեփանյանի «քո պաշտպանյալը թիվ մեկ թուրքն է» արտահայտությունից հետո մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բորբոքված ոտքի կանգնեց՝ ասելով, որ իր պաշտպանյալին նման կերպ չանվանի, ինչից հետո Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը «խուժան, լկտի, բա որ թուրք չի, ի՞նչ ա» բացականչելով քայլեց դեպի պաշտպանը, սակայն դատական կարգադրիչները նրան հետ պահեցին։

«Եթե հաջորդ անգամ այս մարդը դատարանի դահլիճում լինի, ես հրաժարվում եմ մասնակցել դատական նիստին, բոլորին քրեական պատասխանատվության եմ ենթարկելու»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը, ինչից հետո դահլիճում նստածները ոտքի կանգնեցին եւ սկսեցին հայհոյել պաշտպանին։

Փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանեց հայհոյանքներով՝ բացականչելով. «Ո՞ւր ա ստեղ դատարան վաբշե, ո՞ւր ա պետություն, կարգադրիչներ, կարգի հրավիրեք սրանց»։

Քաոսը սկսվելուց անմիջապես հետո դատավոր Զոյա Զաքինյանը հայտարարեց ընդմիջում եւ հեռացավ։ Պաշտպանը հավաքեց փաստաթղթերը, մոտեցավ դատավորին սեղանին, հանեց հեռախոսը, սկսեց լուսանկարել դահլիճում գտնվողներին։

«Դե խոսացեք, տեսնեմ, ով ա խոսացողը, հեսա հերթով պատասխան կտաք։ Մեջներդ մի հատ գիտակից մարդ չկա՞, ամբոխ, հովիվներ»,- գոռաց փաստաբանը։

Լյուքս Ստեփանյանի հարազատները բացականչեցին, թե «գնա թուրքի պաշտպանի», ինչին  Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Տեսնում եք՝ դատը իր հունով է գնում, ձեր մուռը չեք կարողանում հանել, նման կերպ եք ձեզ պահում»։

Երեմ Սարգսյանը հեռացավ դատարանի դահլիճից, դատական կարգադրիչներն էլ բորբոքված մարդկանց հեռացրին դահլիճից։

Հ.Գ. Երեմ Սարգսյանը հատկապես աչքի է ընկել «Հարսնաքարի» գործով դատավարության ժամանակ, որտեղ նա հանդիսանում է ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպանը: Վեց ամբաստանյալներից հենց Նորայր Հայրապետյանն է իր վրա վերցրել Վահե Ավետյանի սպանությունը, սակայն դատելով իր պահվածքից՝ կարելի է ենթադրել, որ որեւէ կերպ նա չի զղջում կատարած սպանության համար:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:

 

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի համանախագահ. Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրվում է զորամասի հաշվեկշռում գտնվող մեծ քանակով դիզվառելիքը հափշտակման համար ‘