‘Մեղրեցիները պահանջում են քաղաքը չդարձնել հանքավայր’

1184

Ավարտվեց «Կայուն զարգացում» ՀԿ նախաձեռնությամբ և «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ների աջակցությամբ իրականացվող ստորագրահավաքը, որին մասնակցած շուրջ 5000 բնակիչ ունեցող Մեղրի քաղաքի 18 և բարձր տարիքի քաղաքացիներից 2382-ը դեմ է արտահայտվել Մեղրիում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը և հանքերի հետագա շահագործմանը, հայտնում է meghrinews.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ եղել են մարդիկ, ովքեր կողմ և ձեռնպահ են արտահայտվել (5 կողմ, 11 ձեռնպահ):

ՀՀ վարճապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակը ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ Մեղրու տարածաշրջանում 14 մետաղական հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարության կողմից տրված արտոնագրերը մտահոգության լուրջ հիմքեր են առաջացրել տեղաբնակների և բնապահպանների շրջանում:

Մենք կարծում ենք, որ անառարկելի է միևնույն տարածաշրջանում հանքարդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման անհամատեղելիությունը, որը կարծեք անտեսվում է կառավարության կողմից: Նախքան նման որոշումներ կայացնելը, կառավարությունը առնվազը պետք հաշվի առներ, թե ինչքանով է արդյունավետ հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանի բնակչության և պետության համար առհասարակ:

Հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքները և շահագործումը իրականացվում են Մեղրի քաղաքի հարակից բարձրադիր բնակավայրերում, որը վտանգում է տարածաշրջանի ողջ ոռոգման համակարգը: Մեղրու տարածաշրջանի վիճակը, որը քաղցրահամ մրգերի խորհրդանիշ է համարվում, մտահոգում է ոչ միայն տեղաբնակներին, փոքր և խոշոր գյուղատնտեսներին, այլ նաև Հայաստանում և արտերկրում մրգի իրացումն ապահովող ընկերություններին:

Չխուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց՝ մենք հայտարարում ենք, որ խախտվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու, տեղաբնակների` միջազգային պայմանագրերով և ազգային օրենսդրությամբ ամրագրված իրավունքները: Մեղրի համայնքի բնակչության դիրքորոշումը կառավարությանը և ազգային ժողովին ներկայացնելու նպատակով «Կայուն զարգացում» ՀԿ-ն կազմակերպել է ստորագրահավաք, որի մասնակիցները իրենց դիրքորոշումը արտահայտել են կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ որ ստորագրահավաքին մասնակցել է մոտ 2400 քաղաքացի և մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել Մեղրու տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին և դրանց հնարավոր շահագործմանը:

Հիմք ընդունելով մարդու կյանքի և առողջության հիմնարար իրավունքները՝ ստորագրահավաքի արդյունքները, պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու տարածաշրջանում հանքերի երկրաբանահետախուզական, շահագործման աշխատանքները և կասեցնել տվյալ ընկերություններին տրված արտոնագրերը: Կից ներկայացնում ենք ստորագրահավաքի արդյունքները /100 թերթ/:

Հարգանքով «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան»

Նախորդ հոդվածը‘Նոր սեքս-սկանդալ Իսրայելի բանակում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Ինչ անել, կամ մի քանի նկատառումներ ընտրություններում հաղթելու վերաբերյալ’