‘Մեջբերումներ Ռամզան Կադիրովի վերաբերյալ Իլյա Յաշինի զեկույցից’

1582

Մոսկվայում հրապարակվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի «Սպառնալիք ազգային անվտանգությանը» զեկույցը, որում խիստ քննադատության է ենթարկվում Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը:

«Ռամզան Կադիրովի ստեղծած քաղաքական համակարգը Չեչնիայում կարելի է բնութագրել որպես անձնական իշխանության համակարգ: Նրա իշխանությունը հանրապետությունում, փաստորեն, ոչնչով չի սահմանափակվում՝ խորհրդարանը, ԶԼՄ-ները, դատական համակարգն ամբողջությամբ հանրապետության ղեկավարի վերահսկողության տակ են: Կադիրովը հայտարարում է, որ իր անձնական իշխանությունը սահմանափակողը միայն Վլադիմիր Պուտինն է: «Ես Պուտինի մարդն եմ: Նրա խոսքն ինձ համար օրենք է: Ո՞նց չխոնարհվես նրա առաջ: Պուտինն Աստծո պարգև է»»:

«Կադիրովի քաղաքականության կարևոր առանձնահատկությունը հանրապետության ցուցադրական իսլամացումն է: Արտաքին նշաններով՝ Չեչնիան կրոնական պետություն է՝ հիմնված միջնադարյան ասիական ավանդույթների վրա: 2010 թ. Կադիրովը հայտարարել է, որ «շարիաթն ավելի բարձր է, քան Ռուսաստանի օրենքները», և «իսլամի հակառակորդները պետք է ոչնչացվեն»:

«Չեչնիայում Կադիրովի իշխանության ընթացքում հետևողականորեն արմատավորվում է նրա անձի պաշտամունքը: Դեռ մինչև նախագահ նշանակվելը նախկին գրոհայինը Գրոզնիում իր ծննդյան օրը նշել է որպես պետական տոն: Այն ժամանակ Չեչնիայի վարչապետի ծննդյան օրվա առթիվ բացվեցին օդանավակայանը և Գրոզնու Հաղթական կամարը, երկրի բոլոր մզկիթնրերում պատարագ մատուցվեց նրա ողջության համար, իսկ հաջորդ օրը քաղաքի կենտրոնում կազմակերպվել էր 50-հազարանոց հանրահավաք, որի մասնակիցները պարզել էին Կադիրովի և Պուտինի դիմանկարները»:

«2015 թ. եկամուտների հայտարարգրում Կադիրովը նշել է, որ մեկ տարում վաստակել է 4,84 մլն ռուբլի: Նրա սեփականությունն են հանդիսանում՝ 3,5 հազար քառակուսի մետր հողատարածք և 2,3 հազար քառակուսի մետր մակերեսով տուն: Կադիրովի կինը՝ Մեդնի Կադիորովան, հայտարարագրել է 3,37 մլն ռուբլի և 210 քմ մակերեսով տուն: Կադիրովների ընտանիքին է պատկանում ևս մի բնակարան՝ 300 քմ մակերեսով: Ըստ հայտարարագրի՝ ընտանիքը տրանսպորտային միջոցներ չունի: Սակայն Կադիրովի հրապարակային շքեղ կենսակերպը կասկած է տակ է դնում այս պնդումը»:

«Վլադիմիր Պուտինը, գերլիազորություններ տրամադրելով Կադիրովին հանրապետության տարածքում, փաստորեն՝ իրեն և ռուսաստանյան ողջ հանրությանը դարձրել է այդ մարդու պատանդը: Ձգտելով դադարեցնել պատերազմը Հյուսիսային Կովկասում՝ ռուսաստանյան պետության ղեկավարը մի որոշում է կայացրել, որի գինը երկրի ներսում տարածքային քաղաքական մի համակարգի ստեղծումն է, որը պայմաններ է թելադրում դաշնային կենտրոնին: Ընդ որում՝ Կադիրովի պահանջները և տոնայնություն ամեն տարի ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում»:

Ըստ BBC-ի

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ–ՀՅԴ համագործակցության հուշագիրը կստորագրվի այսօր’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային’