‘Մեր բակը. Լեգենդի վերադարձը’

3251

Սերժ Սարգսյանի «բարձր» հովանու ներքո մեր հանրությանը ներկայացվեց նոր կատակերգություն: Գլխավոր դերում` Յուրի Վարդանյան, երկրորդ պլանի դերերում` փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավար: Պրոդյուսեր` Ս. Սարգսյան, սցենարի հեղինակ` Սևակ Լալայան: Ֆիլմը նախատեսված է բակերում ցույց տալու համար:

Եւ այսպես, Ս. Սարգսյանի հանձնարարականի համաձայն, ֆիլմի հերոսին նրա ենթակաները պարբերաբար պետք է հանեն փողոցներ ու բակեր` ցույց տան մարդկանց, բացատրեն, թե ինչ է կենդանի լեգենդը, հետո լեգենդին զգուշորեն տեղավորեն մեքենայում ու վերադարձնեն աշխատասենյակ:  Օլիմպիադաները, աշխարհի առաջնությունները, Եվրոպայի առաջնությունները, սպարտակիադաները, ունիվերսիադաները, մասսայական սպորտը, առողջ ապրելակերպն արդեն ստից բաներ են: Դրանով թող զբաղվեն ուրիշները: Սա էր Ս. Սարգսյանի մեսիջը:  Մանավանդ որ` համաշխարհային նշանակության մարզական միջոցառումներին մեր հավաքականների հաջող հանդես գալը բարդ գործ է ու Յու. Վարդանյանի կարողություններից ակնհայտորեն վեր:

Բայց Ս. Սարգսյանի մտահղացումն ունի մի մեծ խնդիր: Բանն այն է, որ Յուրի Վարդանյանին բակեր ու դպրոցներ տանելը նույնն է, թե հրապարակավ քարոզես թմրամոլություն և «բառիգություն»:

Ցանկացած ուրիշ երկրում սպորտի և երիտասարդության նախարարը նույն օրն իսկ հրաժարական կտար, եթե իր որդին ձերբակալվեր թմրանյութի իրացման մեղադրանքով: Ու  նա ստիպված կլիներ հասարակությանը բացատրել, թե ինչպես եղավ, որ չկարողացավ հեռու պահել իր որդուն թմրանյութից: Պատկերացնու՞մ եք, եթե նորմալ երկրում երիտասարդության նախարարի տղան թմրանյութերի վաճառքի համար ձերբակալվեր: Այդ երկրի նախագահն ինքը ստիպված կլիներ ժամերով բացատրություն տալ, թե ինչպես է իր հրամանագրով նշանակված սպորտի և երիտասարդության նախարարի որդին նման բաներով զբաղվում: Իսկ Հայաստանում հակառակն է. Սերժ Սարգսյանը հիանում է նման մարդկանցով, «կենդանի լեգենդ» անվանում ու մի բան էլ հանձնարարում` նրան բակերով ու դպրոցներով կռուիզի հանել:

Արթուր Բարսեղյան 

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևի հետ’