‘Մեր բանակի պարծանքն ու խայտառակությունը’

1152

Դեռևս պարզ չէ, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկներին, թե ոչ, այսօր մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ամենայն հավանականությամբ՝ նախարարը չի այցելի չքավորության շեմին հայտնված ազատամարտիկներին, քանի որ միասին մարտական ուղի անցած հերոսների և նախարարի ներկայիս կեցության պայմանների տարբերությունը ահռելի է:

«Ազատամարտիկներն այն մարդիկ են, ում հետ կապված՝ Հայաստանը որևէ խնդիր պիտի չունենար, ում հետ առաջինը պիտի խոսեին: Եվ քանի որ մենք ընդունել ենք կյանքի շուռ տված փիլիսոփայություն, ազատամարտիկները հայտնվել են՝ որտեղ որ պիտի հայտնվեին` հարյուրերորդ տողում, այսինքն` մոռացված են, և սա խայտառակություն է», — այսօր Ազատության հրապարակում հայտարարեց նստացույց անող ազատամարտիկներին այցի եկած «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` ընդգծելով, որ  այս իրավիճակը ուղղակի վկայությունն է այն բանի, թե ինչպիսի խորը փոսի մեջ է հայտնվել մեր երկիրը:

«Ես հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր այսօր իշխանական, քաղաքական համակարգերում դեռ ինչ-որ հիշողություններ ունեն մեր երկրի 25 տարվա պատմությունից, շատ արագ քայլեր կձեռնարկեն, որպեսզի այս խայտառակությունը դադարեցվի»,- հավելեց նա:

Աշոտ Մանուչարյանը արձագանքեց նաև երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե բանակում բիզնեսով զբաղվող գեներալներ չկան:

«Ընդունված չէ, իհարկե, բանակում գտնվող մեծահարուստներին օլիգարխ անվանել` անգամ եթե նա մեծահարուստ է դարձել՝ թալանելով իր զինվորներին: Բայց ես պիտի ցավով հայտնեմ պաշտպանության նախարարին, որ,  ցավոք, նման օլիգարխներ մեր բանակում կան, և դա մեր բանակի խայտառակությունն է, ինչպես մեր բանակի պարծանքն է այն ճանապարհը, որն անցել են այս ազատամարտիկները և հազարավոր այլ տղաներ, որոնք այժմ բանակում ծառայում են տարբեր պաշտոնների, և շատ շատերն էլ պահպանել են 1988 թվի այդ շիտակությունը», — ասում է Մանուչարյանը`շարունակելով.

«Բայց մենք այսօր այդ շատ շատերի մասին չպիտի խոսենք, այլ` այն մյուսների մասին: Պաշտպանության նախարարը, լավ կլիներ, հենց այդ մյուսներին հայտարարեր, որ նրանք խայտառակում են բանակը, և դուրս դներ նրանց բանակից, իսկ նրանց հափշտակածի հաշվին գուցե ազատամարտիկների հարցը լուծվեր»:

Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Խնդիրը միջին շերտի կոռումացվածության (ծախվածության եւ փչացման) արագացող տեմպերն են’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Բունիաթյանը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ’