‘ՄԹ պետնախարար. Ցանկանում ենք տեսնել ԼՂ հիմնախնդրի տեւական եւ խաղաղ լուծում’

3651

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնը Հայաստան կատարած իր այցելության մասին տեսաուղերձ է տարածել: 

Ինչպես փոխանցում է Երեւանում Բրիտանական դեսպանությունը, տեսաուղերձում նախարարը նշել է.

«Շատ ուրախ եմ լինել Հայաստանում: Սա իմ առաջին այցն է Երեւան: Երեկ ես օգտակար քաղաքական քննարկումներով հագեցած օր ունեցա: Օգտվելով առիթից՝ ես վերահաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը կառավարությանը եւ այն սահմանադրական փոփոխություններին, որոնք երկիրը տանում են դեպի խորհրդարանական ժողովրդավարություն, եւ ես ակնկալում եմ Հայաստանը տեսնել որպես շատ ուժեղ եւ բարեկեցիկ երկիր:

Ես նաեւ հայտարարեցի մի բանի մասին, որն է՛լ ավելի կմիավորի մեր կառավարություններին: Խոսքը տարեկան չորս միլիոն ֆունտի մասին է, այս եւ հաջորդ տարիների համար, որը կտրամադրվի «Լավ կառավարման հիմնադրամ»-ից՝ օգնելով Հայաստանին դեպի ավելի լավ կառավարում ընթանալու իր ճանապարհին: Բացի այդ, ես քննարկեցի, թե ինչպես կարող է ՄԹ առեւտրի նորանշանակ հանձնակատարը՝ Մարկ Փրիթչարդը, որը մի քանի օրից կայցելի Հայաստան, խթանել առեւտրաշրջանառությունը Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ:

Տարածաշրջանային անչափ կարեւոր խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս ես վստահեցրեցի կառավարությանը, որ մենք ցանկանում ենք այնտեղ տեսնել տեւական, խաղաղ լուծում եւ վերահաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր աշխատում են այս ուղղությամբ:

Մինչ Հայաստան գալս ես լսել էի հայերի լեգենդար հյուրընկալության մասին, եւ ուրախ եմ ասել, որ վերջին մեկ-երկու օրերի ընթացքում վայելում էի այդ հյուրընկալությունը: Շատ կցանկանայի եւս մեկ անգամ իմ շնորհակալությունը հայտնել այն ընդունելության համար, որ ունեցա այստեղ: Ու քանի որ հասցրել եմ նաեւ մի քանի բան սովորել, կցանկանայի ասել՝ «Ես շատ ուրախ էի Հայաստանում գտնվել: Շնորհակալություն» (հայերենով)»:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ Միչիգան նահանգի սենատի բանաձեւը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը ռոք-երաժիշտ է և մորմոն’