‘Մկրտիչ Մինասյան. Հանրապետության հրապարակի վերակառուցման գաղափարը վտանգավոր է’

1732

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծերի բաց մրցույթ է հայտարարել: 

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ընդգրկված է մրցութային հանձնաժողովում:  iLur.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման մասին բացարձակապես չի կարելի խոսել. «Հրապարակի ի՞նչը վերակառուցեն, եթե այն ապրում է, իր կերպարի մեջ է, և այդ կերպարը ոչ ոք իրավունք չունի փոխել»,- ասաց ճարտարապետը:

Նա համաձայնեց, որ հրապարակում կա տրանսպորտային գերբեռնվածության խնդիր, որ հրապարակի շենքերի ետևում բարձրացել են անհիմն կառուցված բարձրահարկեր:

«Սակայն տարօրինակ է, որ մրցույթի պայմանների մեջ գրված է, որ առանձնակի ուշադրություն կդարձվի այն նախագծերին, որոնք հրապարակի և հարող տարածքի կառուցման և ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն, ինչը շատ վտանգավոր է, քանի որ  հրապարակի շուրջը գտնվող շենքերը ավարտված են»,- հավաստիացրեց Մկրտիչ Մինասյանը՝ ավելացնելով, որ դրանց ծավալատարածական հորինվածքների որևէ փոփոխություն կամ զարգացում արգելված է:

Մինասյանի կարծիքով՝ մեծ վարպետների ստեղծագործությունը համարվող հրապարակը ամբողջ համալիրով համարվում է հուշարձան, իսկ նրա վերակառուցումն անթույլատրելի է:

iLur.am-ը փորձեց խնդրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանից: Մասնավորապես, մեզ հետաքրքրում է, թե ինչ գումարնեեր է պահանջում հայտարարված մրցույթի իրականացումը եւ որտեղից է քաղաքապետարանը մտադիր հայթայթել այդ գումարները: Քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գեւորգյանը խորհուրդ տվեց հարցով դիմել քաղաքի գլխավոր ճարտարապետին, իսկ վերջինիս օգնական Անահիտ Եսայանը ողջ որվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Նախորդ հոդվածը‘ ՊՆ. Ռազմական ինստիտուտում թունավորում տեղի չի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Հունիսի 3-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ’