‘Մշակույթի նախարարություն. Շինարարությունը Փակ շուկայում ապօրինի է’

1522

Մշակույթի նախարարությունը չի թույլատրել շինարարություն իրականացնել Փակ շուկայում: Այս մասին այսօր Եվրոպական ժառանգության օրերին նվիրված մամուլի ասուլին՝ անդրադառնալով Փակ շուկայում ավարտին մոտեցող շինարարությանը, ասաց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

«Մշակույթի նախարարությունն իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է: Այնտեղ իրականացվող շինարարությունն ապօրինի է: Նախարարությունն իր իրավասության սահմաններում մշտապես բարձրաձայնել է այդ մասին և աշխատել իրեն վերապահված լիազորությունների սահմանում»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ նախարարությունը բազմիցս նամակներ է ուղարկել հարցով լիազոր բոլոր մարմիններին:

«Մենք դատախազության գուրծառույթ չունենք, կարող ենք միայն մեր դիրքորոշումն արտահայտել»,- ասաց Արև Սամուելյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում փոխնախարարը հավելեց, որ բոլոր օրերին ու, հատկապես, Եվրոպական ժառանգության օրերին, «պետք է հարգել ու սիրել սեփական ժառանգությունը», ու դա վերաբերում է բոլորին՝ «սովորական քաղաքացուց՝ մինչև ամենապաշտոնատար անձանց»:

«Գուցե դժվարությամբ, բայց մեր իրավասության սահմաններում մենք արել ենք ամեն ինչ»,- եզրափակեց Սամուելյանը:

Օրերս համացանցում տարածվել էին Փակ շուկայի նոր լուսանկարները, որտեղ երևում էր ներսում ընթացող շինարարության ընթացքը: Լուսանկարները մեծ աղմուկ էին բարձրացրել համացանցում, որից հետո «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ: Դրանով շարժումը կոչ էր անում կասեցնել ապօրինի շինարարական գործողությունները: Խումբը նաև հուշարձանը հետագայում փչացնելուց դադարեցնելու նպատակով նախաձեռնել էր հերթապահություններ:

Նախորդ հոդվածը‘Աղբյուր. Գյումրու ոստիկանապետը պաշտոնանկ է արվել ‘
Հաջորդ հոդվածը‘Պետբյուջեի միջոցները հոսում են ՀՀԿ վերնախավի գրպանը’