Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Ռուսաստանի այլ շրջաններում հինգշաբթի օրվանից սկսվել են, այսպես կոչված՝ ոչ աշխատանքային օրերը, ինչը սահմանել է կառավարությունը կորոնավիրուսով վարակվածության կտրուկ աճի և ռեկորդային մահացության պատճառով։
Մինչև նոյեմբերի 7-ը փակվում են հանրային վայրերի մեծ մասը, խանութներն ու սպասարկման հիմնարկները, սրճարաններն ու ռեստորանները կարող են աշխատել միայն առաքումով, իսկ դպրոցներն արձակուրդ են գնում։
Սահմանափակումները չեն վերաբերի հասարակական տրանսպորտին և բուժհաստատություններին, ինչպես նաև պատվաստման և Covid-19-ի թեստ հանձնելու կետերին։
Հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանային շաբաթ էր հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լոքդաունի մոտենալու ֆոնին շատ ռուսաստանցիներ գերադասել են արձակուրդ մեկնել։ Հաղորդվում է, որ Եգիպտոսի հանգստյան վայրերում հյուրանոցների բոլոր տեղերը նախապես ամրագրվել են, և օդանավի տոմսերն էլ գնվել են։ Կրեմլում հայտարարել են, որ երկրի քաղաքացիներին չի արգելվում ճանապարհորդել։
Փոխանցում է BBC-ն։