‘Մոսկվա. Կալանք՝ Նիդեռլանդների թագավորական զույգի ուղղությամբ լոլիկ շպրտելու համար’

1025

Մոսկվայի շրջանային դատարանը չգրանցված «Ուրիշ Ռուսաստան» կուսակցության երկու ակտիվիստների դատապարտել է 10 և15 օրվա կալանքի՝  նոյեմբերի 9-ին Նիդեռլանդների թագավորի և թագուհու այցի ժամանակ նրանց վրա լոլիկ շպրտելու համար:

Բողոքի ակցիան կապված էր Նիդեռլանդներում նույն կուսակցության անդամ Ալեքսանդր Դոլմատովի մահվան հետ: 36-ամյա Դոլմատովին հունվարի 17-ին կախված էին գտել Ռոտերդամի բանտում, այն բանից հետո, երբ նրան մերժվել էր քաղաքական ապաստանի տրամադրումը: Հոլանդիայի իշխանությունների անցկացրած հետաքննությունը հանգեց այն եզրակացության, որ Դոլմատովն ինքնասպանություն է գործել: Սակայն «Ուրիշ Ռուսաստանի» կողմնակիցների կարծիքով՝ Նիդեռլանդների իշխանությունները թաքցնում են Դոլմատովի մահվան իրական պատճառը:

Լոլիկով միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, երբ Մոսկվա ժամանած Վիլլեմ-Ալեքսանդր թագավորը և Մաքսիմա թագուհին ուղևորվել են Մոսկվայի կոնսերվատորիա՝ Ռուսաստանի և Նիդեռլանդների փոխադարձ տարվա փակման արարողությանը մասնակցելու: Ակտիվիստները լոլիկ են շպրտել նրանց ուղղությամբ և բացականչել են. «Դոլմատովի արյունը ձեր ձեռքերին է», ինչից հետո ձերբակալվել են:

«Ուրիշ Ռուսաստանի» առաջնորդ Էդուարդ Լիմոնովն իր բլոգում գրել է, թե իր տեղեկություններով՝ ակտիվիստներին հարցաքննության ժամանակ ծեծել են՝ «ջանալով ցուցմունքներ կորզել կուսակցության ղեկավարության դեմ», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկո. Յանուկովիչը «ոտնատակ է տալիս» ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ հյուսիսում զորավարժություններ են տեղի ունեցել’