ՄՕԿ-ը Ռուսաստանի պետական հեռուստաալիքներից պարզաբանում է պահանջում ԼԳԲՏ-մարզիկներին վիրավորելու վերաբերյալ

735

Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսաստանյան «Россия 1» և «Առաջին ալիք» հեռուստաալիքներից պարզաբանումներ է պահանջել՝ Տոկիոյի Օլիմպիադային մասնակցող ԼԳԲՏ-մարզիկներին վիրավորելու կապակցությամբ։

«Время покажет» և «60 минут» ծրագրերի թողարկման ընթացքում մասնակիցները վիրավորել են բրիտանացի ջրացատկորդին՝ բացահայտ գեյ Թոմ Դեյլիին, որը Օլիմպիադայում ոսկե մեդալ է շահել, ինչպես նաև ծանր ատլետիկայի մրցումների տրանսգենդեր մասնակցին՝ նորզելանդուհի Լորել Հաբբարդին։

Հաղորդավարները չեն փորձել կասեցնել մարզիկների հասցեին վիրավորական արտահայտությունները, ընդհակառակը, նրանցից մեկը՝ Օլգա Սկաբեևան, ենթադրել է, թե Եվրամիությունը կոչ է արել կրճատել Հունգարիայի և Լեհաստանի ֆինասավորումը, քանի որ այդ երկրներում «մեծ մասը դեմ է հոմոսեքսուալիզմին»։

Ռուսաստանի պետդումայի՝ հաղորդմանը մասնակցող պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլյովը հայտարարել է՝ «Մենք այդ այլանդակություններին և ոչնչություններին շատ կոշտ ենք վերաբերվում», իսկ հաղորդավար Անատոլի Կուզիչևը տրանսգենդերներին անվանել է  «հոգեգարներ, որոնց հարկավոր է բուժել»։ Նա հյուսիկներով կեղծամ է դրել՝ նմանակելով Լորել Հաբբարդին։

«Օլիմպիական խաղերում խտրականությունը բնավ տեղ չունի։ Մենք ողջունում ենք, որ Տոկիո-2020-ը խրախուսում է Օլիմպիական խաղերի բազմազանությունը և խայտաբղետությունը»,- ասվում է ՄՕԿ-ի հայտարարության մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը2021-ի շոգ ամառը
Հաջորդ հոդվածըԾայրահեղ պահպանողական Էբրահիմ Ռաիսին ստանձնել է Իրանի նախագահի պաշտոնը