‘Յալթայում բացվել է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի հուշարձանը’

1245

Հակահիտլերյան դաշինքի Ղրիմի կոնֆերանսի 70-ամյակի առթիվ Յալթայում հինգշաբթի օրը տեղի է ունեցել Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելիի հեղինակած հուշարձանի բացման արարողությունը,, որում պատկերված են «Մեծ եռյակի» անդամները՝ Չերչիլը, Ռուզվելտն ու Ստալինը:

Հուշարձանը բացել է Ռուսաստանի պետդումայի  նախագահ Սերգեյ Նառիշկինը, որը նշել է, թե դա նաև յուրօրինակ հիշեցում է այն քաղաքական գործիչներին և պատմության  սպեկուլյանտներին, որոնք «ցինիկաբար փորձում են կեղծել Երկրորդ աշխարհամարտի պատմությունը և աշխարհի ետպատերազմյան կառուցվածքը»:

Մինչդեռ Ղրիմի թաթարների մեջլիսում հուշարձանի տեղադրումն անվանել են սրբապղծություն: «Ղրիմաթաթարների վերաբերմունքը Ստալինի հանդեպ հայտնի է: Եթե հուշարձանն, այնուամենայնիվ, տեղադրվի, դա կլինի Ղրիմի և մեր ժողովրդի հիշողության նկատմամբ վերաբերմունքի բացահայտ դրսևորում»,- հայտարարել է մեջլիսի անդամներից մեկը: «Ստալինը ուկրաինացիների, Ղրիմի թաթարների և շատ ուրիշ ժողովուրդների համար հանցագործ ահաբեկչական ռեժիմի մարմնավորումն է, որը միլիոնավոր մարդկանց է ոչնչացրել»,- ասվում է Մեջլիսի կայքում:

Ստալինյան ղեկավարության որոշմամբ՝ 1944 թ. մայիսի 18-ին ՆԳԺԿ-ն իրականացրեց ամբողջ ղրիմաթաթար ժողովրդի տեղահանությունը՝ գերմանացի օկուպանտների հետ համագործակցելու մեղադրանքով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի խորհրդարանը թույլ է տվել ձերբակալել Տիմոշենկոյի գործը վարած դատավորին’
Հաջորդ հոդվածը‘Պայքար՝ N 53 ավտոբուսի նախկին երթուղին վերականգնելու համար’