‘Յուրաքանչյուր տարի ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ 200 հայց է ընդունում’

1162

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այժմ կա Հայաստանի դեմ 1000-ից ավելի չքննված դիմում, որոնց մեծ մասի` շուրջ 600 դիմումի հայցորդները ադրբեջանցիներ են: Հայաստանի դեմ բողոք ներկայացնող ադրբեջանցիները բարձրացնում են ազատագրված տարածքներում իրենց սեփականության իրավունքների հարցերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը նշել է, որ գրեթե նույնքան հայց էլ ներկայացրել են ադրբեջանահայերը` Ադրբեջանից պահանջելով բարոյական և ֆինանսական փոխհատուցում կրած զրկանքների և տեղահանության համար: Թե ինչ ընթացքով են գնում գործերը, Գյուլումյանը չնշեց` հավելելով, որ գործերի մեծ մասը գտնվում են քննարկման փուլում և որպես դատավոր չի կարող որևէ տեսակետ հայտնել:

Ընդհանուր առմամբ, ՄԻԵԴ-ը տարեկան Հայաստանի դեմ մոտ 200 դիմում է ստանում: Հայաստանի քաղաքացիներից ստացվող դիմումները տարբեր բովանդակություն ունեն: Գյուլումյանի ներկայացմամբ, դիմումները հիմնավոր են, ակնհայտ անընդունելի բողոքներ չկան: Նվազում են կրոնական պատկանելության պատճառով զինվորական ծառայություն չանցնելու համար հայցերը: Այս պահին ՄԻԵԴ-ում 3 նման հայց կա:

Նրա խոսքերով, Հայաստանը Եվրոպայի խորհրդի ցանկում ընդգրկված է միջին թվով դիմումներ ունեցող պետությունների ցանկում: Դա բավարար արդյունք է, սակայն անհրաժեշտ է աշխատել այս ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Է.Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’
Հաջորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Գնահատականը տալու է պատմությունը ‘