‘Յուրիկ Վարդանյանը շարունակում է թաքցնել Վահե Էլոյանի ազատման դիմումը’

1198

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցի քննությունը՝ դատավորի հիվանդության պատճառով: Հիշեցնենք, որ Վահե Էլոյանը պահանջում է Սպորտի նախարար Յուրիկ Վարդանյանից և ՀՀ կառավարությունից անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու իր հրամանն, վերականգնել աշխատանքում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար պատասխանողից բռնագանձել աշխատավարձի գումարը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին:

Հիշեցնենք, որ Վահե Էլոյանը կառավարության որոշմամբ ազատվել է աշխատանքից բացահայտ կեղծիքի և խաբեության միջոցով:

iLur.am-ը հրապարակել է կառավարության նիստի ձայնագրությունը, որից ակնհայտ է դառնում, որ Յուրիկ Վարդանյանը, բառիս բուն իմաստով, խաբել է կառավարությանը՝ պնդելով, թե Վ. Էլոյանը ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն:

Իրականում նման դիմում գոյություն չունի: Այս ամիսների ընթացքում, լրատվական արշավներից, դատական քաշքշուկներից խուսափելու համար Յու. Վարդանյանը պարզապես պետք է ցույց տար Վ. Էլոյանի ազատման դիմումը: Դա չի արվել: Իսկ Էլոյանը բազմիցս հայտարարել է, որ ազատման դիմում չի գրել, հետևաբար պաշտպանված է երկրի կարևորագույն օրենքներից մեկով՝ քաղաքացիական ծառայության մասին օրենքով, և նա չի կարող հենց այնպես ազատվել աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Նախորդ հոդվածը‘Ցանցահենները կոտրել են Yahoo!-ի փոստային սերվիսը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Նիլս Մուժնիեկսին ‘