‘Նաիրա Զոհրաբյանը՝ Վահե Էլոյանի ազատման մասին. Սա սպորտի նախարարի ինքնիրավչության խնդիրն է’

1028

Ես հիմա չեմ ցանկանա «քաղաքական ճնշում» որակումը տալ, ես կարծում եմ՝ սա ընդամենը և ավելի շատ սպորտի նախարարի ինքնիրավչության, այսինքն՝ օրենքները սեփական հայեցողությամբ մեկնաբանելու և իր իրական իրավուքներն ու պարտականությունները չճանաչելու խնդիրն է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վահե Էլոյանի՝ աշխատանքից ազատման փաստին:

Հիշեցնենք, որ Սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն օրերս հեռացվել է աշխատանքից՝ նախարարության փոխանցմամբ՝ սեփական դիմումի համաձայն, մինչդեռ Էլոյանը պնդում է, որ ինքը աշխատանքից հեռանալու դիմում չի ներկայացրել:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հիմնավորումը, թե Վահե Էլոյանը դիմում է գրել, և ըստ այդ դիմումի՝ նա ազատվել է աշխատանքից: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության բազմաթիվ նորմեր, և առ այս պահը իրենք պատկան մարմիններից որևէ սպառիչ պատասխան հարցի վերաբերյալ դեռևս չեն ստացել:

«Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արդարադատության նախարարն ասաց, որ շատ ավելի հանգամանալից ինքը կներկայացնի, բայց ներկայացնելու խնդիր չկա: Հիմա իրենք փորձում են արդեն պոստ ֆակտում կատարված փաստը տեղավորել օրենսդրության շրջանակում, մտածել, թե օրենսդրության որ կետով կարող են իրենց արդեն կատարած ոչ օրինական քայլը «սաղացնել», բայց մեկ բան ակնհայտ է՝ Վահե Էլոյանը ազատման դիմում չի գրել, իսկ կառավարության նիստում հրապարկվել է, որ նա աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն»,- ասաց Զոհրաբյանը:

Մեր հարցին, թե հետագայում ինչ քայլերի է դիմելու կուսակցությունը, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ դեռ կսպասեն արդարադատության նախարարի ավելի հանգամանալից պարզաբանումներին, ըստ այդ՝ Վահե Էլոյանն իր քայլերը կանի:

Նախորդ հոդվածը‘ԺՀՄԻԳ-ի զեկույցներից անդին. Ինչո՞ւ հանձնարարականները կյանքի չեն կոչվում ‘
Հաջորդ հոդվածը‘Լուիս Կավանի. Տղաս ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»’