‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն պատրաստ է քննարկել կուսակցությունն ընդդիմադիր հռչակելու մասին Օսկանյանի թեզը’

1273

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է իր ներսում քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ Վարդան Օսկանյանի առաջարկած՝ կուսակցությունը ԱԺ-ում ընդդիմադիր հռչակելու թեզը, iLur.am-ին փոխանցեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո իմ հեռախոսը չի լռում, ինչը, թերևս, հասկանալի է: Մյուս կողմից որևէ արտառոց բան տեղի չի ունեցել և որևէ արտառոց բան չի ասվել: Ես տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, որ ԱԺ կանոնակարգի այն դրույթը, որը որոշում է քաղաքական ուժի ընդդիմադիր լինել կամ չլինելը՝ խիստ արհեստական եզրույթ է: Քաղաքական ուժի իշխանություն լինել կամ չլինելը որոշում է օբյեկտիվ իրականությունը: ԲՀԿ-ն մաս չէ իշխանական կոալիցիայի և դրանով ամեն ինչ ասված է», — ասաց տիկին Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ի վերջո, «ընդդիմություն լինել-չլինելը չի որոշվում ԵԽ հանձնարարականներով, կամ ԱԺ կանոնակարգի արհեստածին դրույթով. այլ որոշվում է քաղաքական ուժի գործունեությամբ և նրա ներկայացրած ու իրագործվող քաղաքական օրակարգով»:

«Կա նաև հարցի մեկ այլ կողմը` Հայաստանում վերջին տարիներին քաղաքական դաշտն այնքան է լղոզվել ու նաև, չխուսափենք ձևակերպումից` վարկաբեկվել, «ընդդիմություն» հասկացությունը այնքան անորոշ և երկիմաստ է դարձել, որ այդ հասկացությունը ևս հստակեցման լուրջ փուլեր պիտի անցնի: Ի վերջո, մեր բոլորի աչքի առաջ բազմաթիվ «ընդդիմադիր» ականներ և հաճախորդներ բացահայտվեցին, և այդ պրոցեսը շարունակվում է: Ամփոփելով նշեմ, որ ԲՀԿ-ն բաց է իր ներսում ցանկացած հարց, այդ թվում` Օսկանյանի առաջադրած
թեզը քննարկելու և կարծիքներ փոխանակելու համար», — նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Ալյոխինի հուշամրցաշար. Արոնյան-Կրամնիկ` Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘«Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին, որ յասամանը ծաղկել է»’