‘Նաիրա Զոհրաբյան. Կեղծ միասնությամբ ու խնդիրները պարտակելով Ադրբեջանին չես զսպի’

1478

Ադրբեջանական հակահայ քարոզչությունը կանխելու լավագույն ճանապարհը ոչ թե երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին չխոսելն է, ոչ թե խնդիրները պարտակելն է, այլ այդ խնդիրները լուծելու համար գործուն ջանքեր ձեռնարկելն է, iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:  

Զոհրաբյանը մեր խնդրանքով մեկնաբանեց նախօրեին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հնչեցրած այն միտքը, թե իբր ընդդիմության քննադատությունը ոգեւորում է ադրբեջանցիներին:

«Երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին», — ասել է Սերժ Սարգսյանը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ընդհակառակը, ադրբեջանցիների հակահայ գործողությունները զսպելու ամենաարդյունավետ ճանապարհը ոչ թե կեղծ արժեքների շուրջ իմիտացիոն միասնությունն է, այլ երկրի առջեւ ծառացած խնդիրները բաց, հրապարակային քննարկման դնելը:

«Այլապես, չխոսելով արտագաղթի մասին, չխոսելով ահագնացող աղքատության մասին, իշխանական համակարգում տոտալ կոռուպցիայի մասին, իրավական համակարգում տիրող խայտառակ բեսպրեդելի մասին, մենք դրանով մեր երկրի խնդիրների լուծմանը չենք նպաստելու», — նշեց պատգամավորը:

Միեւնույն ժամանակ, Զոհրաբյանը նշեց, որ քաղաքական ուժերը որեւէ կոչի չեն սպասում՝ անհրաժեշտության դեպքում իրական կոնսոլիդացիայի գնալու համար:  Նա հիշեցրեց, որ առանց որեւէ կոչի խորհրդարանական բոլոր խմբակցությունները օգոստոսի սկզբին, սահմանին լարվածության աճի օրերին միասնական որոշում կայացրեցին աջակցել բանակին: 

Նախորդ հոդվածը‘Անդրես Ինյեստա. «Հուսով ենք, շուտով Վալդեսին խաղադաշտում տեսնել»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր երիտասարդության միջազգային օրն է’