‘Նաիրա Զոհրաբյան. Պրագմատիկ, հաշվարկված քայլերով Եռյակը գնում է առաջ ‘

1608

Եռյակը հաշվարկված, պրագմատիկ քայլերով շարժվելու է առաջ, եւ այդ քայլերի արդյունքում իշխանությունը զրկվելու է վերարտադրվելու հնարավորությունից: Այս մասին iLur.am-հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանելով նախօրեին Ազատության հրապարակում կայացած առաջին հանրահավաքի արդյունքները`Զոհրաբյանը նշեց, որ որեւէ մեկի, այդ թվում նաեւ՝ իշխանությունների համար անսպասելի չէր, որ հրապարակում հավաքվելու են տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

«Որովհետեւ իշխանությունը շատ լավ գիտի, թե իր վարած քաղաքականության արդյունքում ինչ հուսահատության է հասցրել ՀՀ քաղաքացուն, եւ քաղաքացին լրջագույն համակարգային փոփոխություններ է ակնկալում: Բոլորի համար այլեւս հստակ է, որ իշխանությունը վստահության որեւէ ռեսուրս չունի եւ պետք է հեռանա: Ձեւավորվող նոր Համաժողովրդական շարժումը ժողովրդին առաջնորդելու է լրջագույն համակարգային փոփոխությունների», — ասաց պատգամավորը:

Միեւնույն ժամանակ, Զոհրաբյանը նշեց, որ պայքարի ընթացքում «որեւէ վերլուծություն, որեւէ սադրանք երեք քաղաքական ուժերին չի կարողանա մղել ավանտյուրաների»:

«Եռյակի ուժերը լրջագույն որոշումները կայացնում են ոչ թե զգացմունքների դրդմամբ, այլ երկար քննարկումների, խորհրդակցությունների արդյունքում: Մեկ հանրահավաքի համար չէ, որ նման պատասխանատվության տակ ենք մտել: Ոչ էլ նպատակ ենք ունեցել իշխանությանը ցույց տալու, որ ժողովուրդն իրեն չի վստահում. առանց այս հանրահավաքի էլ դա պարզ էր: Մենք նման պատասխանատվության տակ ենք մտել լուրջ խորհրդակցությունների եւ վերլուծությունների արդյունքում, եւ պրագմատիկ, հաշվարկված քայլերով այս անգամ վստահաբար թույլ չենք տալու իշխանության վերարտադրությունը», — ասաց Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքն իրեն շատ սպասել չի տա: Պատգամավորի խոսքով՝ հաջորդ հանրահավաքին կներկայացվեն հետագա քայլերի ճանապարհային քարտեզը: 

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան խոշոր լրատվամիջոցները անդրադարձել են ընդդիմության հանրահավաքին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Սերբիա. Խաղից առաջ’