‘Նալբանդյանը կարծում է, որ ԱԳՆ-ն ադեկվատ է ‘

1285

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ իր ղեկավարած կառույցը համարժեք արձագանքում է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: 

«ԱԳՆ-ի կողմից լինում է արձագանք, բայց դա դիվանագիտական գործընթաց է, որը միշտ չէ, որ լուսաբանվում է», — լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու նախարարությունը պատշաճ չի արձագանքում, մասնավորապես, Ադրբեջանի կողմից սահմանին իրականացվող դիվերսիաներին, որոնք ամեն շաբաթ մի քանի մարդու կյանք են խլում:

«Վերջին ամիսների ընթացքում առնվազն մի քանի այդպիսի արձագանք է եղել: Մենք անում ենք անհրաժեշտ գործողություններ, թեև ոմանք դա պատկերացնում են՝ աղմուկ հանել: Եթե այստեղ խոսքը «ճառ ասելու, թե զանգ կախելու» մասին է, ես նախընտրում եմ երկրորդը»,- ասաց նախարարը:

Նալբանդյանի խոսքով, ԱԳՆ-ը ադրբեջանական սադրանքների մասին հրատապ տեղեկացնում է միջազգային կազմակերպություններին:

«ՀԱՊԿ-ին էլ ենք տեղեկացնում, ԵԱՀԿ-ին էլ, Եվրախորհրդին էլ, ՄԱԿ-ի տարբեր կառունցներին էլ ենք տեղեկացնում», — նշեց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք  միջազգային կառույցները, հատկապես՝ ՀԱՊԿ-ը, համարժեք են արձագանքում Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքերին, ապա, ըստ Նալբանդյանի, ՀԱՊԿ-ի բոլոր երկրներից միասնական դիրքորոշում ստանալը հեշտ չէ:  

«Դուք ի նկատի պետք է ունենաք, որ ОДКБ-ն բազմանդամ կառույց է (ՀԱՊԿ-ի կազմում 6 երկրներ են–խմբ.), եւ համապատասխան հայտարարությունները պետք է համաձայնեցվեն, դա այդպիսի պարզ գործընթացներ չեն: Չեմ կարծում, որ ես պետք է մտնեմ մանրամասների մեջ, կարծեմ՝ շատ պարզ ասացի, թե ինչու եւ ինչպես», — ասաց ԱԳ նախարարը:

Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը  եւ  ինքնիշխանությանը սպառնացող վտանգ առաջանալու դքեպքում կազմակերպության անդամները անհապաղ խորհրդակցություններ են հրավիրում՝ համակարգելու իրենց դիրքորոշումները, մշակում եւ գործադրում են այդ պետությանը սպառնացող վտանգների վերացմանն ուղղված գործողություններ: 

Նախորդ հոդվածը‘Ռուբլին արժեզրկվում է Ուկրաինայից ստացվող նորությունների ֆոնին’
Հաջորդ հոդվածը‘Փոխոստիկանապետ. Երանոսյանը ստացել է իր արժանի պատիժը’